AM
3 Նոյեմբեր 2025 - 08:48 AMT

ՆԳ նախարար․ 3-ամյա Տիգրանին, նախնական տվյալով, հայրն է խեղդամահ արել

Ծափաթաղում անհետ կորած 3 տարեկան Տիգրանը, որի դին հայտնաբերվել է դաշտամիջյան հատվածում, նախնական տվյալով,խեղդամահ է արվել։ Այդ մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Բոլոր վարկածները քննարկվել են։ Ցավոք, երեկ երեխայի մարմինն է հայտնաբերվել։ Նախնական տվյալներով սպանություն է` երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս վարկածը, ի թիվս այլնի, եղել է ուսումնասիրության շրջանակում։ Կհիշեք, որ եղբայրը, որն ուներ առողջական խնդիրներ, պարբերաբար ռեակցիաներ էր տալիս, համապատասխան մասնագետ էինք ներգրավել, որ կարողանանք պատշաճ կերպով ստանալ տվյալներ փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է։

Այս պահի դրությամբ, նախնական տվյալներով՝ երկու եղբայրը դուրս են եկել, հետո հանդիպել են հորը, հայրը խեղդելու ճանապարհով սպանել է երեխային»,- ասել է Սարգսյանը։

Նա հավելել է, որ երեխայի հայրը նշել է, թե ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ըստ հոր նախնական ցուցմունքի, նա տեղափոխել էերեխայի մարմինը, գրում է Sputnik Արմենիան։

«Երբ մենք սկսել են փրկարարարկան աշխատանքներն ամբողջ հարակից տարածքով, իրականացվել է տարածքի սանրում, յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պարագայում»,– նշել է նախարարը։

Ավելի վաղ երեխայի հորաքույրն ասել էր, որ համր եղբայրը, որը կորչելուց առաջ Տիգրանի հետ է եղել, անընդհատ կոկորդն էր ցույց տալիս, ինչից հետո ենթադրություններ են հնչել, թե դա խեղդել է նշանակում։

Արփինե Սարգսյանի խոսքով` Տարածքային միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ աշխատում են, որ ընտանիքում բնակվող մյուս երեխաների մասով որոշում կայացվի։

Հոկտեմբերի 27-ից որպես անհետ կորած որոնվող Ծափաթաղ գյուղի երեք տարեկան բնակիչ Տիգրանին մի քանի օր տևած որոնումներից հետո հայտնաբերել են նոյեմբերի 2-ին՝ Գեղարքունիքի մարզում։

Փրկարարների, պարեկային ծառայության և ոստիկանության համատեղ որոնողական գործողությունների արդյունքում երեխայի դին հայտնաբերվել է Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ բնակավայրի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտի տարածքում։