AM
3 Նոյեմբեր 2025 - 10:10 AMT

Նախարար․ Ոոստիկանության գվարդիան չի հեռացվել ՀՀ պաշտպանական ֆունկցիայից

ՀՀ ոստիկանության գվարդիան չի հեռացվելու պաշտպանական ֆունկցիայից, հակառակը՝ տրվել է թիրախային գործիքակազմ՝ պաշտպանությանը աջակցելու և մասնակցելու։ Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկմանն ասաց ՀՀ ներքի գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նա արձագանքել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, որ եթե ոստիկանության գվարդիան չի ներգրավվելու սահմանների պաշտպանությանը, հետևաբար ի՞նչ փոփոխություններ են արվել 2026 թվականի բյուջեի նախագծում, գրում է Sputnik Արմենիան։

«ՆԳՆ ոստիկանության գվարդիան չի հեռացվել ՀՀ պաշտպանական ֆունկցիայից, հակառակը՝ տրվել է թիրախային գործիքակազմ՝ պաշտպանությանը աջակցելու և մասնակցելու։ Եթե մենք խոսում ենք լավ կառավարման համակարգից, ապա ՀՀ-ում չի կարող լինել երկու պետական մարմին, որոնք նույն գործառույթներն են իրականացնում։ Հետևաբար, պաշտպանական գերատեսչությունն ունի իր ինքնուրույն գործառույթը, իսկ մնացյալ գործառույթներով աջակցման ֆունկցիա պետք է ունենան մյուս մարմինները»,–ասել է նա։

Սարգսյանը պարզաբանել է, որ գվարդիայի դերը բազմաբնույթ է՝ ներառելով հասարակական կարգի ապահովում, պետական օբյեկտների պաշտպանություն, արտակարգ և ռազմական դրության ժամանակ աջակցություն, քրեական դատավարության մասնակիցների պաշտպանություն, ինչպես նաև ուղեկցող ստորաբաժանումների գործառույթներ։

Ըստ նրա՝ գվարդիան համալրվել է նոր սպառազինությամբ և ապահովվել է անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով։

Նոյեմբերի 1-ից պաշտոնապես գործարկվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիան, որի հրամանատար է նշանակվել Հայկ Բաբայանը՝ նախկինում ոստիկանության զորքերի հրամանատարն ու ոստիկանապետի տեղակալը։