Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի հարցն ընդգրկված է Մայր աթոռի կարգապահական հարցերով հանձնախմբի օրակարգում։ Այդ մասին ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Տեր Թադեն նախօրեին Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան` խմբ․) մատուցած «պատարագին»։ Բացի այդ, վերջին շաբաթներին Տեր Թադեն ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ է արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։
«Ինչպես Տեր Տարոն քահանա Հունանյանի (Հաղարծինի քահանան, որը մասնակցում էր Ստեփան Ասատրյանի հրավիրած ապօրինի պատարագին նախորդ կիրակի օրը` խմբ․), այնպես էլ Տեր Թադե քահանա Թախմազյանի վերաբերյալ կարգապահական հարցերն ընդգրկված են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման ու կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում ու սահմանված ընթացակարգով այդ հարցերը քննության կառնվեն»,- նշել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գալիք կիրակի մասնակցելու է Տեր Թադեի ձեռամբ մատուցվելիք պատարագին՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Թեպետ Տեր Թադեն գործող քահանա է, բայց արդեն իսկ տարբեր շրջանակներում մտահոգություններ կան, որ Հովհաննավանքի, այսպես ասած, զավթման ճակատագրին կարող է արժանանալ նաև Թալինի Սուրբ Աստվածածինը։ Տեր Եսային նշել է՝ մտահոգությունները հասկանալի են, բայց գործող հոգևորականը, իհարկե, կարող է պատարագ մատուցել, և եկեղեցու դռները բոլորի համար բաց են։
Նա հավելել է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես և Հովհաննավանքը, Մայր աթոռի հաշվեկշռում է։
Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը: Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։
Փաշինյանը նոյեմբերի 2–ին ևս պատարագի է մասնակցել է Հովհաննավանքում։






