Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունը եղել է այս տարվա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության շարունակությունը։
Նախարարը հայտնել է, որ դեպքի հենց սկզբից այցելել է Փարաքար համայնք և Վաղարշապատի ոստիկանության բաժին՝ ընթացքը վերահսկելու և գործի արագ բացահայտումն ապահովելու նպատակով, հայտնում է Արմենպրեսը։
«Ըստ այս պահին առկա նախաքննական տվյալների, ցուցմունքների, փորձարարության համադրության՝ դեպքը տեղի է ունեցել որպես փետրվարին տեղի ունեցած իրադարձության շարունակություն: Սա հստակ ֆիքսված է», – ընդգծել է նա։
Սարգսյանը շեշտել է՝ քննարկումը, թե իբր Փարաքարում տեղի ունեցած իրադարձությունը քաղաքական մոտիվ ունի, պարզապես խոսակցություն է:
«Եվ այս խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ քրեական վարույթով ունենք հստակ ապացույցներ, որով հիմնավորվում է կատարված հանցագործության մոտիվը: Դա եղել է որպես փետրվարյան իրադարձության շարունակականություն»,-ասել է նա:
Նախարարը նաև հայտնել է, որ փետրվարին տեղի ունեցած իրադարձության շրջանակներում ոստիկանության կողմից կայուն պահակակետեր էին սահմանվել այն անձանց տների հատվածում, որոնք որպես ռիսկային էին գնահատվել ոստիկանության ծառայության կազմակերպման տեսանկյունից:
«Մի քանի ամիս շարունակ ոստիկանական կայուն հենակետեր են կազմակերպվել տեղում: Բայց մենք չենք կարող տարիներ շարունակ յուրաքանչյուր տան մոտ կանգնեցնել մի ոստիկան»,-նշել է նա:
Սարգսյանը վստահեցրել է, որ ՆԳՆ-ն շարունակում է օպերատիվ աշխատանքն այս հանցագործության առումով: Հանցագործության հիմնական կատարողը բացահայտվել է, տվել է ինքնախոստովանական ցուցմունք:
Նախարարը նշել է՝ Արմավիրի մարզում կիսամյակային ամփոփումների շրջանակում ինքը հատուկ ուշադրություն է դարձրել նրան, որ մարզում միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ խնդրահարույց, և ոստիկանական աշխատանքը պետք է շատ ավելի ինտենսիվ լինի այս տեսանկյունից:
Սեպտեմբերի 23-ին, 23։50-ի հատվածում Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Գնդակահարության հետևանքով վիրավորվել էր նաև Արծրուն Գալստյանը։ Ավելի ուշ սպանության մեջ կասկածվող անձ էր հայտնաբերվել և ձերբակալվել։ Նա փետրվարին Մերձավան բնակավայրում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկ Օհանյանը։
Ավելի ուշ ՆԳՆ-ից հայտնեցին, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին էին ներկայացրել Գևորգ Հարությունյանին, որը խոստովանել էր, որ ինքն է կրակոցներ արձակել Փարաքար համայնքի ղեկավարի և 2 այլ անձանց ուղղությամբ: Գևորգ Հարությունյանը փետրվարին Մերձավանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանված Գրիգոր Օհանյանի ընկերն է։






