«Էրեբունի-Երևան-2807» տոնակատարությունների շրջանակում միջոցառումների կազմակերպումը դարձյալ «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն է իրականացրել՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով, տեղեկացնում է Factor.am-ը։
Նշվում է, որ ըստ գնումների պետական հարթակի, Երևանի քաղաքապետարանն ընկերությանը վճարել է 332 միլիոն 934 հազար 895 դրամ կամ 865 հազար դոլար։ Ուշագրավ է, որ տոնակատարությունները սկսվել են հոկտեմբերի 11-ից, ծառայությունների մատուցման պայմանագիրը, ըստ հարթակի, կնքվել է հոկտեմբերի 24-ին։
Ընկերությունը պարտավորվել է միջոցառումներ կազմակերպել Երևանի տարբեր հատվածներում։ Մասնավորապես, Գաֆէսճեան քանդակների պարտեզի տարածքում, Երևանի Ազատության հրապարակում, Դիանա Աբգարի զբոսայգու տարածքում, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Կարապի լճի տարածքում և Հանրապետության հրապարակում։ Տոնակատարություններն ամփոփող եզրափակիչ համերգի ընթացքում ելույթ ունեցան Թաթա Սիմոնյանը և Լյուբով Ուսպենսկայան։ Թե Երևանի քաղաքապետարանը որքան է վճարել նրանց, դեռ հայտնի չէ։
Ընկերությունը պարտավորված է եղել նաև զբաղվել մայրաքաղաքի 2807-ամյակի միջոցառումների իրազեկմամբ։
«Ֆակտորի փրոդաքշնը» նաև պարտավորված է եղել ապահովել միջոցառման բրենդավորումը, ինչպես նաև դրոշների տպագրություն։ Պարտավորված է եղել նաև Երևանի տարբեր հատվածներում տեղադրել առնվազն 10 տեղեկատվական բնույթ կրող սյուներ։
2024–ին Էրեբունի-Երևան 2806-ամյակի եզրափակիչ համերգի կազմակերպիչը ևս «Ֆակտորի փրոդաքշն»-ն էր։ Իրավաբանական անձանց պետռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը ստեղծվել է 2017-ին։ Հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, որոնք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ վերջինի ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ «Ֆակտորի փրոդաքշնը» կառավարական տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար առանց որևէ մրցակցության բազմամիլիոնանոց ծրագրեր է շահել։






