Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է, որ Հովհաննավանքում ոստիկանությունը շարունակելու էպահպանել հասարակական կարգը։
«Հովհաննավանքում ոստիկանությունը շարունակում է և շարունակելու է հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովել, եթե դրա կարիքը լինի»,–ասել է նա, գրում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ լինում են բազմաթիվ կրոնական միջոցառումներ, երբ ոստիկանությունը հասարակական կարգն ու անվտանգությունն է ապահովում։
«Նույն օրը Մայր Աթոռում ոստիկանությունը հասարակական կարգ ու անվտանգություն է ապահովում։ Բայց մեզ կարծեք թե այս մնացյալ իրավիճակները չեն հետաքրքրում, մենք կենտրոնանում ենք Հովհաննավանքի օրինակի վրա։
Հովհաննավանքում ոստիկանությունը օրենքով շարունակելու է պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ թե ոստիկանության որ ստորաբաժանման ներկայացուցիչը կգտնվի, ծառայության կազմակերպման տրամաբանության մեջ է, ոստիկանությունն ինքն է որոշում ծառայությունն ինչպես կազմակերպել։ Կարող է Երևանից էլ, Լոռու մարզից էլ մարդիկ ներգրավվեն»,- ասել է Սարգսյանը։
Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը: Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։
Փաշինյանը նոյեմբերի 2–ին ևս պատարագի է մասնակցել է Հովհաննավանքում։






