AM
3 Նոյեմբեր 2025 - 13:37 AMT

Սիմոնյան․ Ալիևը Սևանը տանկերով գրավելու մասին չի խոսում, ասում է՝ մեքենաներով ենք գալու

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ» ևա Հայաստանի բոլոր տեղանունները, իբր, ադրբեջանական ծագում ունեն, ասել է, որ վաղուց է դա մեկնաբանել, հյտնում է «Փաստինֆոն»։

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե Ալիևը խոսել է «տարածքներ ազատագրելու մասին»՝ Սիմոնյանն ասել է․ «Ես իր տեքստի մեջ որևէ բան ազատագրելու միտք չեմ տեսել, ընդհակառակը, տեսել եմ, որ ասում է՝ մենք պետք է մեքենաներով վերադառնանք, խոսքը տանկերի մասին չի և այլն։ Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք դուք դա «ազատագրել» հասկանում։

Ես դա վաղուց եմ մեկնաբանել, ես ասել եմ, որ պատմական փնտրտուքների մեջ ընկնելու պարագայում կարող է այնպես ստացվի, որ ինչ-որ մեկը իր հայրենիքը գտնի Ալթայում։

Դրան որևիցե բան ավելացնելու չունեմ։ Համարում եմ, որ դա չի բխում այն տրամաբանությունից, որը գոյություն ունի, բայց միաժամանակ, կարծում եմ, որ դա նախատեսված է իր ներքին լսարանի համար, իր ներքին լսարանի տեղը պատասխանել չեմ ցանկանում»,–ասել է նա։

Երբ լրագրողները նշել են, թե արդյոք նորմալ է Սևանա լճի «վերադարձի» մասին խոսելը, Սիմոնյանը պատասխանել է. «Այսինքն, երբ որ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ, մենք տանկերի մասի՞ն ենք խոսում, դա նորմա՞լ է, որ Ղարաբաղի բնակիչները վերադառնան, ինքը իր երկրի բնակիչների համար, այդ անունն է տալիս»,–ասել է նա։

Ալիևը հայտարարել է, թե «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ», և որ «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»․ քանի որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։