AM
3 Նոյեմբեր 2025 - 13:54 AMT

Գրիգորյան․ ՀՀ քաղհասարակության անդամներն առաջիկայում փոխադարձ այցով կմեկնեն Բաքու

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային խորհրդատվական կազմակերպության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» համաժողովում ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հնարավորությունների վերաբերյալ։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։

«Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարզապես ենթակառուցվածքային նախաձեռնություն չէ՝ այն տեսլական է տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս փոխկապակցվածության, փոխկախվածության և համագործակցության համար։

Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը բնութագրվել է հակամարտություններով, փակ սահմաններով և կորցրած հնարավորություններով։ Այսօր իրավիճակը սկսել է փոխվել։

2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալի իրադարձությունը դրեց խաղաղության և բարեկեցության հիմքը Հարավային Կովկասում՝ նշանավորելով վճռական առաջընթաց դեպի տարածաշրջանի ապաշրջափակում։

Օգոստոսի 8-ից հետո Հայաստանը և Ադրբեջանը նպատակային ջանքեր են գործադրել՝ ամրապնդելու մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և խորացնելու երկխոսությունը։ Օրինակ՝ հոկտեմբերի 21-22-ը, առաջին անգամ, ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելել է Հայաստան՝ մասնակցել երկկողմ կլոր-սեղան քննարկման։

Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան»,–ասել է նա։

Գրիգորյանը նշել է, որ դրանից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելել էր Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։

«Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Տարածաշրջանի ապաշրջափակումն է, որ հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալացման ջանքերի հիմնաքարը։ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պատկերացնում է մի տարածաշրջան, որը փոխկապակցված է ճանապարհների, երկաթուղիների, էներգետիկ փոխադրումների և թվային ցանցերի միջոցով։

Կցանկանայի ընդգծել, որ «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին» (TRIPP) նաև հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչ՝ համաձայն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված «Խաղաղության խաչմերուկի կարողությունների զարգացման գործընկերության» փոխըմբռնման հուշագրի: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակը մարդկանց միավորելն է, ինչպես նաև առևտրի և նորարարության խթանումը։

Վաշինգտոնյան համաձայնագիրը բացել է նոր հնարավորությունների պատուհան՝ այդ նպատակը իրականություն դարձնելու համար։

Առևտրային ուղիների վրա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ազդեցությունն ավելի լավ պատկերացնելու նպատակով «Ամբերդ» հայկական հետազոտական ինստիտուտը իրականացրել է մանրամասն վերլուծություն, ըստ որի՝ Եվրոպայի և Չինաստանի միջև Հայաստանի տարածքով անցնող նոր առևտրային ուղին կարող է կրճատել առկա երթուղիները 5-10%-ով։

Կայունության դրական արդյունքներն արդեն նկատելի են։ Հայաստանի տնտեսությունն, ու հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնոլոգիական հատվածները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտը, ցուցաբերել են արագ աճ՝ պայմանավորված առավել կանխատեսելի և ապահով միջավայրով։ Հայաստանը մեկնարկել է համատեղ նախագիծ՝ արժողությամբ 500 միլիոն դոլար, NVIDIA և Firebird ընկերությունների հետ՝ ստեղծելով արհեստական բանականության ենթակառուցվածքներ, ինչն ամրապնդում է մեր երկրի դիրքը՝ որպես գլոբալ բարձր արդյունավետության հաշվողական հարթակներից մեկը։ 2025 թվականի մայիսից օգոստոս ամիսների ընթացքում զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է շոշափելի աճ։ Հատկապես հունիսին Հայաստան է այցելել ավելի քան 215.000 զբոսաշրջիկ, ինչը 19%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։ Գնահատականների համաձայն՝ այս աճը պայմանավորված է մարտի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարմամբ, որին արձագանքել են նաև սփյուռքի և այլ երկրների քաղաքացիներ։ Սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10.5% աճ, ինչը ևս կարող է կապված լինել օգոստոսի 8-ի հայտարարության ազդեցության հետ։

Սա վկայում է, որ խաղաղության գործընթացը խթանում է բիզնես, նորարարություն և բարեկեցություն»,–ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը դիտարկվում է ոչ միայն որպես տրանսպորտային ծրագիր, այլ նաև որպես քաղաքական ուղերձ, ըստ որի՝ երկխոսությունն արդյունք է տալիս, համագործակցությունն իրագործելի է, իսկ տարածաշրջանային անվտանգությունը կարող է կառուցվել համատեղ զարգացման ճանապարհով։ Այդուհանդերձ, գործընթացն ամբողջական արդյունք կունենա միայն, եթե ընդգրկվեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ եվրոպական, ամերիկյան, ինչպես նաև Կովկասի, Կենտրոնական Ասիայի և հարակից տարածաշրջանների գործընկերները։

«Բացի խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումից, Հայաստանի կառավարության կարևոր ուղղություններից մեկն էլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն է։ Հայաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական քայլերը՝ սահմանների բացման ուղղությամբ։ «Ամբերդ» ինստիտուտի վերլուծությամբ՝ բաց սահմանները կբերեն փոխշահավետ արդյունքների՝ ինչպես ժողովուրդների, այնպես էլ տնտեսությունների համար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ծավալը մեծացնելով մինչև 200%։ Թուրքիայի տարածքի օգտագործմամբ Հայաստանի և Արևելյան Եվրոպայի միջև առևտրային երթուղին կարող է կրճատվել 10–25%-ով, իսկ Կենտրոնական Եվրոպայի հետ՝ 5–15%-ով»,–ասել է Գրիգորյանը։

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովան կարևորել են կառուցողական երկխոսության շարունակականությունը և հայտնել են պատրաստակամություն՝ նպաստելու խորհրդարանական մակարդակում փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացմանը։