AM
3 Նոյեմբեր 2025 - 14:34 AMT

Մանվել Գրիգորյանի դուստր. Հայրս մի կտոր հող չէր տա, եկեղեցու հանդեպ ճնշումները թույլ չէր տա

Վաղարշապատի ավագանու թեկնածու, գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանն ասել է, որ եթե հայրը ողջ լիներ, «մի կտոր հող չէր տա», եկեղեցու հանդեպ ճնշումները թույլ չէր տա։

«Իմ հայրն իր գործով ամեն ինչ ապացուցել է: Եթե ողջ լիներ, այս ամենը տեսներ, հաստատ, համոզված եմ, նորից կմահանար: Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև նա մի կտոր հող չէր տա»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նա ընդգծել է, որ իր հայրը թույլ չէր տա որևէ ճնշում եկեղեցու հանդեպ։

«Դրա համար առաջինը թիրախավորվեց նա: Այս երկրում իրենից բացի ոչ մեկ չթիրախավորվեց ոնց որ նա»,-ասել է Այծեմնիկ Գրիգորյանը։

Անդրադառնալով Վաղարշապատի ավագանու ընտրություններին՝ նա նշել է. «Իշխանությունը նրանց ձեռքում է, նրանք ոնց ուզեն, այդպես էլ կանեն: Բայց ժողովուրդը 2018 թվականից այս կողմ արթնացել է ու շատ բան է տեսնում»։

Այծեմնիկ Գրիգորյանը ավագանու թեկնածու է Վաղարշապատում՝ ներկայացնելով «Ժառանգություն» կուսակցության ցուցակը։