Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «չկա Սևան, կա Գյոյչա լիճ»։
Նա նշել է՝ քարտեզներով որ հետ գնանք, իրոք չենք տեսնի Սևան, կտեսնենք Գեղամա ծով՝ ու չենք տեսնի Ադրբեջան։
«Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան: Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես: Պետք է գնալ առաջ: Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է»,- գրել է Ռուբինյանը:
Ադրբեջանի նախագահն ավելի վաղ պնդել է, թե 20-րդ դարի սկզբին կազմված ռուսական կայսերական քարտեզները պարզ կերպով պատկերում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։
«Սևանա լիճ չկա, բայց կա Գյոյչա լիճ։ Այդ քարտեզները մենք չենք կազմել, դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը մի ժամանակ Իրանից և Արևելյան Անատոլիայից հայերին վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը։






