Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեկ ամսով կալանավորվել է:Այդ մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է 1Lurer.am-ը։
Մինչ այդ արդեն հայտնի էր դարձել, որ կալանավորվել է Գարեգին Բ-ի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը:
Քննչական կոմիտեն միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կալանքն ընտրել որպես խափանման միջոց։
Քննչական կոմիտեն նախօրեին տեղեկացրել էր, որ նախաքննության փուլում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ համաձայն Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի, որը վերաբերում է քարոզչություն կատարելուն կամ հրաժարվելուն հարկադրելու կամ դրա խափանմանը: Նրանց կալանավորումը կատարվել է այդ հիմքով:
Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքում հրապարակում էր կատարել՝ հայտնելով. «Նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացումը»: Փաստաբան Արա Զոհրաբյանը այս պնդումը որակել է որպես սուտ մատնություն։






