AM
4 Նոյեմբեր 2025 - 07:20 AMT

Կոչուբաևի գործով տուժող չկա, նախաքննությունն ավարտվել է օրերի ընթացքում

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ քրեական վարույթը հարուցվել է՝ ոստիկանության աշխատակցի հաղորդման հիմքով։ Ընդամենը մի քանի օր տևած նախաքննության ընթացքում որևէ դատախազ, քննիչ կամ դատավոր տուժող չի ճանաչել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաբանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի նախաքննությունն արդեն ավարտվել է, և գործը հանձնվել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանին։ Մինչ այս պահը պաշտոնական տեղեկություն չկա, որ դատավորն այն վարույթ է ընդունել, հայտնում է «Փաստինֆոն»։

Թեև նախաքննության ժամանակ քննիչը միջնորդել էր փաստաբանին կալանավորել՝ մի շարք ծավալուն քննչական գործողություններ իրականացնելու հիմնավորմամբ, այդուհանդերձ, վարույթն ավարտվել է ընդամենը մի քանի օրում։

Փաստաբան Աբգար Պողոսյանն ընդգծել է, որ վարույթի նյութերի համաձայն, իրավապահները ստացել են տեղեկություն, որը հասանելի է եղել համացանցում, այսինքն՝ հաղորդումը ներկայացրել է անձ, որը շահագրգիռ կողմ չէ, և վարույթում որևէ անձ տուժող չի ճանաչվել։

«Մեղադրանքի որոշակիությունից ելնելով՝ վարույթով պետք է որևէ մեկը տուժող լիներ, սակայն տուժող չկա։ Բացի այդ, հանցակազմ էլ չկա։ Հոդվածը նշում է՝ «քննիչի, դատախազի, դատավորի մասին տեղեկություն տարածել», բայց որն է տեղեկությունը, որ անձն ինքը տիրապետում է տեղեկությանը կամ այդ տեղեկությունը իրեն հայտնի է մեկ այլ եղանակով, ինքը հրապարակում է, այսինքն՝ տեղեկությունը որոշակի իրական կամ անիրական տեղեկություն է, մինչդեռ, այստեղ կարծիք է հնչեցրել, քննադատական խոսք»,- ասել է փաստաբանը։

Երբ նրան հարցրել են, արդյոք նշանակվել է որևէ փորձաքննություն, այդ թվում՝ լեզվաբանական, խոսքի բնույթը գնահատելու համար, փաստաբանը պատասխանել է, որ նման փորձաքննության դեպքում նախաքննությունն այդքան արագ չէր ավարտվի։

«Միջազգային մի շարք մարմիններ արդեն իսկ քննադատել են, պատկերացրեք՝ վարույթը մի քիչ երկար մնար կամ Կոչուբաևը մի փոքր երկար անազատության մեջ մնար, բնականաբար, այդ ճնշումն ավելի մեծ էր լինելու»,- նշել է նա։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ձերբակալվել էր հոկտեմբերի 16-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրի մոտ՝ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից հետո։ ԱԱԾ-ի կողմից իրականացված ձերբակալությունն ընթացել է դիմակավորված ուժերով, ցուցադրական ձևով՝ նրան գետնին պառկեցնելով։ Այս գործողության պատճառը եղել է փաստաբանի՝ ֆեյսբուքյան գրառումը, որով նա խիստ քննադատել էր իրավապահներին՝ Մկրտիչ սրբազանի կալանավորման կապակցությամբ։

Կոչուբաևի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, որը վերաբերում է դատավորի, դատախազի կամ քննիչի մասին արատավորող կամ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելուն՝ կապված նրանց պաշտոնական գործունեության հետ։ Դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ՝ հոկտեմբերի 17-ին, Կոչուբաևը կալանավորվել է երկու ամսով։ Հոկտեմբերի 28-ին նրա խափանման միջոցը փոխվել է։