Հաղարծինում ծառայող քահանա Տեր Տարոն Հունանյանը, ով նախորդ կիրակի ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կողմից մատուցած պատարագին, կանչվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Սիրելինե՛ր, վաղը՝ նոյեմբեր 4-ին, ժամը 15:00-ին կանչվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին»:
Հոկտեմբերի 26–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին։ Վարչապետ Փաշինյանի կողքին նրա անմիջական ենթականերն էին. պաշտպանության և էկոնոմիկայի նախարարները, հետևում կանգնած էր առողջապահության գերատեսչության ղեկավարը: Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին և արգելել է նրան կատարել որևէ հոգևոր ծես՝ կիրակնօրյա պատարագը որակելով որպես «հոգեկործան նախաձեռնություն» և պնդելով, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտում առաջացնել եկեղեցու ներսում։ Փաշինյանը նոյեմբերի 2–ին ևս պատարագի է մասնակցել է Հովհաննավանքում։ Նա հայտարարել է, որ նոյեմբերի 9–ին մասնակցելու է Թալինում Տեր Թադեի մատուցելիք պատարագին։






