AM
4 Նոյեմբեր 2025 - 08:32 AMT

Փաշինյան․ Փախստականների վերադարձի օրակարգը վտանգավոր է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մեկնարկած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է, բայց սոցիալ-հոգեբանական առումով շարունակվում է։

«Ներքին տեղահանվածների, փախստականների վերադարձի օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է վերադառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։ Եթե մենք այսօրվա մեր գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձենք գտնել պատմության մեջ, դա նշանակում է՝ մենք չենք հավատում խաղաղությանը»,- հավելել է նա, հայտնում է Radar Armenia-ն։

Վարչապետն ընդգծել է, որ եթե այսօր փորձ արվի պատմության մեջ գտնել սեփական քայլերի տրամաբանությունն ու հիմնավորումը, ապա դա կարող է նշանակել՝ խաղաղության գաղափարին հավատի բացակայություն։

«Մեր հարաբերությունների առանցքային գործոնը և բնորոշիչը եղել է կոնֆլիկտը. ՀՀ-ն ու Ադրբեջանը անկախություն ստացել են կոնֆլիկտի ֆոնին։ Հետևաբար այս տրամաբանությունը ժամանակ առ ժամանակ արտահայտվում է և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, արտահայտվում է մամուլում, հանրային, փորձագիտական շրջանակներում, արտահայտվում է անգամ երկրների առաջնորդության մակարդակում, և մենք պետք է նաև այս երևույթի հետ հարաբերվելու ճիշտ բանաձևեր գտնենք»,– նշել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` խաղաղությունն անծանոթ միջավայր է եղել ՀՀ-ի և Ադրբեջանի համար, և «խաղաղություն» երևույթի հետ երբևէ չենք առնչվել` երկու երկրների անկախություններից ի վեր։

Նոյեմբերի 3–ին Ալիևը հայտարարել է, թե «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ», և որ «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»․ քանի որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։