AM
4 Նոյեմբեր 2025 - 09:14 AMT

Ասատրյան․ Ուղևորը վարորդից պահանջել է ավտոբուսը վարել իր ասած ուղղությամբ

Նոյեմբերի 2–ին ուշ երեկոյան Երևանի թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը վարորդից պահանջել է վարել իր ասած ուղղությամբ, իսկ միջադեպից հետո զանգել է ոստիկանություն՝ պնդելով, թե վարորդն իրեն առևանգել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Անընդունելի միջադեպ է տեղի ունեցել թիվ 50 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում։

Ժամը 22։50-ի սահմաններում ուղևորը նստել է նշյալ երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը, պահանջել վարորդից մեքենան վարել իր ասած ուղղությամբ։ Վարորդը ուղևորին հորդորել է նստել դիմացի մայթից, քանի որ տվյալ ուղղությամբ ինքը չի երթևեկում։ Դրանից հետո ուղևորը հնչեցրել է սպառնալիքներ վարորդի նկատմամբ՝ դրանք ուղեկցելով հայհոյանքներով, սպառնացել և փորձել վնասել համայնքային գույքը։ Տեսնելով վարորդի սառը վերաբերմունքը և հորդորը՝ պարզապես իջնել տրանսպորտային միջոցից, ուղևորը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ վարորդը իրեն առևանգել է, հնչեցրել սպառնալիքներ և հարվածել։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդը արդեն այսօր տվել է հաղորդում հանցագործության մասին, իսկ ավտոբուսի տեսախցիկները ըստ պատշաճի պատրաստ են տրամադրվելու քննությունն իրականացնող մարմնին։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն դատապարտում է հանրային տրանսպորտի բնականոն երթևեկությունը խոչընդոտող այս և նմանօրինակ ցանկացած դեպք»,–ասվում է գրառման մեջ։