Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացվում են անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, որոնք շարունակվում են և ընթանում են վերահսկողության ներքո։ Նրա խոսքով, ինքը ամեն շաբաթ այցելում է հուշահամալիր՝ հետևելու ընթացքին։
«Մինչև ապրիլ այս պահին սկսված աշխատանքներն ավարտվելու են»,- ընդգծել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ մույթերի վերականգնման գործընթացը ամբողջությամբ վերահսկվում է համապատասխան մասնագիտական խմբի կողմից։
«Գիտեմ, որ շատ են մանիպուլյացիաները։ Դրանք հենց այդ բառով էլ կոչում եմ՝ մանիպուլյացիա, որովհետև իրականում այն, ինչ արվում է Ծիծեռնակաբերդում մույթերի վերականգնման հետ կապված, նորություն չէ տեխնոլոգիական իմաստով։ 2015 թվականին այդ նույն տեխնոլոգիայով իրականացվել է հուշասյան վերանորոգումը»,- ասել է Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով հուշահամալիրի նշանակությունը, այնտեղ նույնիսկ մեկ միլիմետր փոփոխություն իրականացվում է սահմանված ընթացակարգերով։
«Հիմա ունենք հետևյալ պայմանավորվածությունը՝ 3 մույթերում աշխատանքը կամփոփվի, դրանից հետո ևս մեկ անգամ գիտամեթոդական խորհրդում կքննարկենք հաջորդ մույթերի հետ կապած աշխատանքների մասով»,- ասել է նա։
Անդրեասյանը վստահեցրել է, որ հուշահամալիրը և թանգարանը բաց են, և ընթացող աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ չխանգարեն այցելուների մուտքին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթ, սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի սեպտեմբերին կայացած նիստում որոշվել էր վերահաստատել գոյություն ունեցող նախագիծը՝ շարունակելով նորոգման ընթացքի մեջ գտնվող երեք մույթերի վերականգնումը, նախագծային որոշ մանրամասներ լրամշակել, երեք մույթերի վերականգնումից հետո քննարկել մյուս մույթերի վերականգնման հարցերը, ձեռնարկել համապատասխան քայլեր շինհրապարակի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:






