Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ամենայն հայոց կաթողիկոսի հարազատների կալանավորումներին և հոգևորականների նկատմամբ շարունակական ճնշումներին՝ դրանք համեմատելով 2000-ականների կեսերի բռնատիրական Ուզբեկստանը:
«Կաթողիկոսի հարազատների կալանավորումները, հոգևորականների նկատմամբ օրեցօր ավելացող հալածանքներն ինձ հիշեցրեցին 2000-ականների կեսերի բռնատիրական Ուզբեկստանը: Աաշխատում էի Human Rights Watch-ի գրասենյակում, պաշտպանում էինք խաղաղ մուսուլմաններին, որոնք հալածվում և հետապնդվում էին իշխանությունների կողմից կրոնական հայացքների համար։
Թիրախը հոգևոր առաջնորդն էր, հատկապես նրանք, ովքեր բարձր հեղինակություն էին վայելում, և իշխանությունը վտանգ էր զգում։ Բանտերում էին հայտնվում հոգևոր առաջնորդի հարազատները, ընտանիքի անդամները, անգամ նրան ճանաչողները։ Ես այս երևույթը վերագրում էի հենց այդ երկրի բռնատիրական մշակույթին, բայց պարզվում է՝ սխալվում էի»,–գրել է նա։
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայրը՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանը, և նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը, 1 ամսով կալանավորվել են։ Նրանք ձերբակալվել են Վաղարշապատում՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի բողոքի հիման վրա։ Ըստ նրա՝ Ներսիսյաններն իրենց գործողություններով փորձել են խոչընդոտել իր նախընտրական քարոզարշավը։ Փաստաբան Արա Զոհրաբյանը այս պնդումը որակել է որպես սուտ մատնություն։
Քննչական կոմիտեն հաղորդել է, որ վարույթի նախաքննության ընթացքում երկու անձի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի հատկանիշներով, որը վերաբերում է քարոզչությանը խոչընդոտելուն կամ դրա կատարումից հրաժարվելուն հարկադրելու գործողություններին։






