Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կարծիք է հայտնել Ազգային ժողովում ընդունված օրինագծի վերաբերյալ, որով նախատեսվում է դադարեցնել «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը։
«Նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամներն այնքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ և գտնում ենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ ու ճիշտ լուծում գտնել»,– ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն։
Հակոբյանը հիշեցրել է, որ 2020 թվականին ուժի մեջ մտած նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթը» ոչ թե հոգևոր-մշակութային հեռուստաալիք պետք է լիներ, այլ՝ կրթամշակութային։
«Հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթամշակութային ալիքում չպետք է լինեն, որովհետև կրթությունը և մշակույթը կրոնի, կղերական մոտեցումների հետ կապ չպետք է ունենա։ Հասարակությունը, բոլորս դրա վրա ուշադրություն չդարձրինք, չձևափոխվեց նաև «Շողակաթ» հեռուստաընկերությունը։ Եթե «Շողակաթը» կատարեր իր առաքելությունն ու օրենսդրական պարտավորությունները, սրան չէինք հասնի»,–ասել է նա։
Հակոբյանի դիտարկմամբ՝ վերջին շրջանում հեռուստաընկերության վարկանիշը զգալիորեն նվազել է, ինչի պատճառով այն գրեթե չէր դիտվում և փաստացի չուներ լսարան։
Ինչ վերաբերում է հանձնաժողովի հնարավոր միջամտությանը՝ Հակոբյանը պարզաբանել է, որ այս դեպքում իրենց լիազորությունները սահմանափակ են։
«Եթե լինեին լիցենզավորված կազմակերպություններ, մենք այնտեղ դեր ունեինք։ Այն հեռարձակողները, որ հանրային են, մեր լիազորությունները սահմանափակված են։ Այդ խնդիրներով դիմեք Հանրային հեռարձակողների խորհուրդ»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ նույնիսկ ֆինանսավորվելով եկեղեցական կառույցներից, հեռուստաընկերությունը կարող է շարունակել գործունեությունը՝ ստանալով համապատասխան լիցենզիա։
«Եթե լիցենզիա էլ չստանա, հենց վաղվանից կարող են կաբելային բոլոր օպերատորների մոտ լինել։ Իսկ այսօր ցանցային օպերատորների լսարանը կազմում է ՀՀ բնակչության մոտ 80%-ը։ Որևէ բան չի կորչում, կորչում է միայն պետության կողմից ինչ-որ չափով ֆինանսավորում»,– եզրափակել է Հակոբյանը։
«Շողակաթ» հեռուստաընկերությունը հիմնադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից, որը նաև հանդիսանում է դրա հիմնական ֆինանսավորողն ու գույքի սեփականատերը։ Հանրային հեռարձակողի խորհուրդը պատվիրում էր ալիքին հոգևոր-մշակութային բովանդակությամբ հաղորդումներ։






