Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում ընթացող պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտնել է, որ 2026 թվականին նախատեսվում է 20 միլիարդ դրամ հատկացնել ուսուցիչների խրախուսման ծրագրերի իրագործման համար, ինչը նախորդ տարվա բյուջեի համեմատությամբ կրկնակի աճ է։
Նախարարը անդրադարձել է նաև ուսուցչական դրույքաչափերի համակարգին՝ հիշեցնելով, որ 2000-ական թվականներին այն փոխվել էր՝ դառնալով շաբաթական 22 դասաժամ, ինչը, նրա խոսքով, արվել էր ֆինանսական նպատակներով՝ կրթության որակի հաշվին, հայտնում է «Փաստինֆոն»։
«Սա արվել էր կրթության որակի հաշվին՝ ֆինանսական խնայողության նպատակով, ինչի հետևանքով ուսուցիչները ստիպված էին մեկ դասից վազել մյուսը՝ առանց պատշաճ նախապատրաստվելու հնարավորության»,– ասել է Անդրեասյանը։
Նրա խոսքով, վերջին տարիներին համակարգում իրականացված փոփոխությունների արդյունքում ուսուցչական մեկ դրույքը դարձել է շաբաթական 18 ժամ տարրական, և 20 ժամ՝ հիմնական ու ավագ դպրոցներում։
«2019 թվականին համակարգում ուսուցիչների մեծ մասը ուներ մինչև մեկ դրույքից քիչ ծանրաբեռնվածություն՝ 0.25 կամ 0.5 դրույք, ինչի հետևանքով բավականին մեծ էր 30-40 հազար դրամ ստացող ուսուցիչների թիվը։ Վերջին տարիները եղել են այս իրավիճակի արդյունավետ փոփոխության տարիներ։
Եթե 2019-ին մեկ դրույքով և ավել ծանրաբեռնվածությամբ 31 հազարից ընդամենը 6971 ուսուցիչ կար, ապա այսօր այդ թիվը կրկնապատկվել է։ Ներկայումս մոտ 14 հազար ուսուցիչ ունեն մեկ դրույք և ավել ծանրաբեռնվածություն։ Սա նշանակում է, որ բարձրացրել ենք համակարգի արդյունավետությունը՝ աշխատուժի ճիշտ պլանավորման շնորհիվ, ինչը բերում է նաև յուրաքանչյուր ուսուցչի վարձատրության բարձրացման»,– նշել է նախարարը։
Անդրեասյանը նաև ներկայացրել է կրթական համակարգում բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների թվի կրճատման միտումը։ 2019-ին նրանց թիվը կազմել է մոտ 2200, մինչդեռ այժմ այդ ցուցանիշն իջեցվել է մինչև 504։
«Այս պահին ունենք 6300-ից ավելի կամավոր ատեստավորված ուսուցիչ և 8400-ից ավել ուսուցիչ, որոնք այս տարի դիմել են կամավոր ատեստավորմանը, որի մեկնարկը նախատեսված է այս շաբաթ»,– հավելել է Անդրեասյանը։






