AM
4 Նոյեմբեր 2025 - 13:13 AMT

Զուրաբյան. Անընդունելի է ՄԽ համանախագահ երկրների լռությունը ԼՂ գերեվարված ղեկավարների ճակատագրի հարցում

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Բաքվում ընթացող Արցախի նախկին ղեկավարների դատավարությանը՝ այն որակելով որպես քաղաքական ֆարս և դատապարտելով միջազգային հանրության լռությունը։

Նա անընդունելի է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների լռությունը ԼՂ-ի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ։

«Քանի որ այսօր Հայաստանում չունենք անկախ երկրին վայել կառավարություն, ստիպված մենք պիտի պատասխանենք Հայաստանին ու Արցախյան շարժմանն ուղղված Բաքվի մեղադրանքներին:

Արցախյան շարժման վերաբերյալ Բաքվի տխրառչակ ֆարսային «դատավարության» ընթացքում հնչող հայտարարությունների կապակցությամբ վերահաստատում ենք հունվարի 19-ին արված մեր հայտարարության բոլոր գնահատականները:

  1. Մենք մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում Արցախի նախկին ղեկավարներ՝ նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանին, տեղակալ Դավիթ Մանուկյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին եւ ապօրինաբար գերեվարված և Ադրբեջանում որպես պատանդ պահվող մեր մյուս հայրենակիցներին, որոնք ընդամենը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը իրագործելու համար Ադրբեջանի իշխանությունների կողմից ենթարկվում են դաժան հալածանքների եւ կտտանքների։
  2. Ադրբեջանի կազմից դուրս սեփական ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը իրագործելու օրինական գործընթացը սկսվել էր և հետևողականորեն շարունակվեց հենց այն պատճառով, որ Ադրբեջանի Հանրապետությունը սիստեմատիկորեն ոտնահարում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և նրա բնակչության կյանքի, ազատության, ժողովրդավարության իրավունքները, ծավալելով պետականորեն կազմակերպված զանգվածային բռնություններ, ինչպես նաև անցկացնելով բիրտ ռազմական գործողություններ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Ադրբեջանի ամբողջ տարածքում ապրող հայ բնակչության դեմ (1988 թ. փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին Կիրովաբադում, Խանլարում, Շամխորում, 1990-ի հունվարին Բաքվում, 1991-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի թվով 24 բնակավայրերում, 1992-ին Շահումյանի և Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի եւ Մարտունու շրջաններում)։
  3. Արցախի ղեկավարները ապօրինաբար, միջազգային նորմերի և Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կոպտագույն ոտնահարումով, գերեվարվել են Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին, ճիշտ այն ժամանակ, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ԵԱՀԿ հովանու ներքո բանակցություններում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, իրագործում էր հայ ժողովրդի նկատմամբ իր ամենամեծ ռազմական հանցագործություններից մեկը՝ հազարամյակների պատմություն ունեցող արցախահայության նկատմամբ էթնիկ զտումն ու ցեղասպանությունը։
  4. Նման վարքագիծ ցուցաբերած, համակարգային հայատյացությունը պետական գաղափարախոսություն հռչակած, սեփական քաղաքացիներին անգամ հալածող և նրանց ժողովրդավարական իրավունքները զանգվածաբար ոտնահարող, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ ավելի քան 200 քաղբանտարկյալ ունեցող ադրբեջանական պետության կողմից ձեռնարկված այս դատաստանը ծաղր է արդարադատության նկատմամբ, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից։ Ադրբեջանում գործող իրավապահ մարմինները և դատարաններն ընդամենը իշխանության կողմից բռնաճնշումների իրականացման գործիքներ են, որոնք կեղծիքների, բռնությունների, կտտանքների, նենգասպառնալիքների եւ տարատեսակ այլ ապօրինությունների միջոցով պատրաստակամ են կորզելու իշխանությունների պատվիրած ցանկացած արդյունք, հետեւաբար այդ դատավարություններում ներկայացված որեւէ «փաստաթուղթ» կամ «ցուցմունք», ինչպես նաեւ «դատական» մարմնի որեւէ եզրակացություն, ունենալու են զրոյական վստահելիություն եւ օրինականություն։
  5. Դատապարտում ենք Հայաստանի հանրային դեբատում հնչող որեւէ մեղադրանք կամ քննադատություն, ուղղված «դատավարական» այս ներկայացման պայմաններում Ադրբեջանի ձեռքում պատանդ դարձած և խոշտանգման ենթարկվող մեր հայրենակիցների վարքի դեմ։ Մեզ բացարձակ չպետք է հետաքրքրի, թե ինչ են իրենք ասում անմարդկային ճնշման ներքո, այլ միայն նրանց կյանքը, առողջությունը և ապահով վերադարձը հայրենիք։
  6. Անընդունելի է ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահ երկրների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Ռուսաստանի լռությունը և անգործությունը Լեռնային Ղարաբաղի գերեվարված ղեկավարների ճակատագրի հանդեպ։ Նրանք առաջինը պետք է պահանջեին այն մարդկանց ազատությունը, որոնց նրանք ԵԱՀԿ-ի 1992 թվականի Հելսինկյան հանդիպումից ի վեր կայացած բոլոր բանակցություններում ճանաչել են որպես լեգիտիմ գործընկերներ և երկխոսություն վարել նրանց հետ միջազգային հանրությունը ներկայացնող մարմինների անունից։
  7. Առավել անընդունելի է, սակայն, Հայաստանի իշխանությունների ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ»«–ասվում է հրապարակման մեջ։

Զուրաբյանը նշել է նաև, որ Հայաստանը պարտավոր է հրապարակայնորեն բարձրացնել իր ձայնը ի նրանց պաշտպանություն, նրանց ազատման հարցը դարձնել հայ-ադրբեջնական հաշտեցման և խաղաղության հաստատման օրակարգի պարտադիր պահանջներից մեկը։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունները այդ հարցով պետք է դիմեն միջազգային հանրությանը, Մինսկի Խմբի երկրներին, ինչպես նաեւ բարձրացնեն այս հարցը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի Խորհրդում եւ Եվրոպական խորհրդարանում, հատկապես ի ցույց դնելով Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության անբեկանելի իրավունքի բացահայտ ոտնահարումը Ադրբեջանի կողմից։

Հոկտեմբերի 31-ին Բաքվում ավարտվել է 15 հայ գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության,շինծու գործերով դատավարությունը։ Մեղադրող կողմը ժամանակ է խնդրել մեղադրական ելույթներին պատրաստվելու համար։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։