Անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն, հայտնում էառողջապահության նախարարությունը:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն հայտնաբերվել։
Այլ շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության՝ SARS-Cov-2-ի հարուցիչներ։
Նշվում է, որ բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ գտնվում են գրեթե միևնույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր են՝ 1․2 անգամ։
«Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով կրկին հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա կամ պատվաստումային շարժական կետեր»,- ասվում է հաղորդագրությունում։






