Հաղարծինում ծառայող քահանաՏեր Տարոն Հունանյանը, ով աջակցություն է հայտնել կարգալույծ քահանա Տեր Արամին, որի աշխարհիկ անունն է Ստեփան Ասատրյան, հրաժարվել է հանդիպել կարգապահական հանձնախմբին և քննել անձնական ու ծառայական հարցեր։ Այդ մասին նա հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում, հայտնում է Factor.am-ը։
Քահանան նոյեմբերի 3–ին էր գրառում արել և հայտնել, որ իրեն հրավիրել են Մայր Աթոռ՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին։
«Ես ասացի, որ հրաժարվում եմ այս հանձնախմբի հետ իմ անձնական հարցերը քննելու, առավել ևս՝ ծառայական, քանզի ես պատշաճ չեմ համարում՝ տեսնելով, թե ովքեր են հանձնախմբի անդամները։ Խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցեին։ Ես կարծում եմ՝ բոլորդ լավ հասկանում եք, թե ում մասին է խոսքը»,- ասել է Տեր Տարոնը՝առանց կոնկրետ անուններ հնչեցնելու։
Քահանայի փոխանցմամբ՝ այդ խոսքերն ասել ու դուրս է եկել հանձնախմբի հետ հանդիպումից։
Լրագրողի հարցին՝ իշխանություն-եկեղեցի հեռակա բանավեճի լուծումը ինչպե՞ս է տեսնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում է կաթողիկոսի հեռացումը, կիսո՞ւմ է այս մոտեցումը, թե ոչ, Տեր Տարոնն ասել է. «Կարևոր հարց է, որին, թերևս, ավելի ուշ կանդրադառնամ», հայտնում է Panorama.am-ը։
Նա նաև ասել է, որ ինքը Հովհաննավանքում հնչեցրել է իր հայացքները՝ հավելելով, որ կարգալույծ Տեր Արամմ իր ընկերն է, միասին մի քանի տարի ճեմարանում սենյակակից են եղել, իրենց մտքերը վաղուց են հատվում իրար հետ։
Ինչ վերաբերում է նրան՝ արդյո՞ք նոյեմբերի 9-ին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելիք պատարագին կմասնակցի, նա ասել է, որ դա դեռ կորոշի։
Հարցին՝ կմասնակից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հոգևոր հավաքին, երբ որ կայանա, նա ասել է. «Կգա ժամանակը, կորոշեմ, դեռ չեմ որոշել»։
Հարցին՝ որևէ բան խոստացե՞լ են իրեն եկեղեցու դեմ դուրս գալու համար, Տեր Տարոնն ասել է. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որևէ բանով»։
Մայր Աթոռը նրան հրավիրել է հանձնախմբի նիստին՝ պարզաբանում տալու «ծառայության վայրն ինքնակամ լքելու, հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից բեմականացված հակականոնական արարողությանը մասնակցելու, նաև նույն օրը լրագրողներին հրապարակային հակաեկեղեցական հայտարարություններ կատարելու» համար։






