Նոյեմբերի 4–ին Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին Երկրորդի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է։ Այս ընթացքում Հայ Առաքելական Եկեղեցին անցել է զարգացման նոր փուլ՝ նշանավորվելով հոգևոր վերածննդով, կառուցական ծրագրերով և արժեքային վերաիմաստավորմամբ։
Վեհափառ Հայրապետի գահակալության ընթացքում կառուցվել, նորոգվել և օծվել է մոտ 300 եկեղեցի, 25 վանք անցել է Մայր Աթոռի տնօրինությանը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
«26 տարի առաջ Հայ Եկեղեցին թևակոխել է նոր դարաշրջան՝ համակարգային բարեփոխումների, հոգևոր զարթոնքի, եկեղեցական ու հասարակական փոփոխությունների: Վերազարթոնք է ապրել Գևորգյան ճեմարանը, որն այսօր միակ կրթական հաստատությունն է, որ կարող է շնորհել աստվածաբանության թեկնածուի գիտական աստիճան:
25 տարում հազվագյուտ մասունքներով է հարստացել Մայր աթոռի սրբությունների գանձարանը: Հայրապետի միջնորդությամբ ու տնօրինությամբ Սուրբ Էջմիածին է բերվել համաքրիստոնեական սրբերի 32 մասանց պահարաններ՝ տարբեր սրբազան մասունքներով, որոնք հրաշագործ զորությամբ փարատում են հավատացյալների հոգեկան ու մարմնական հիվանդությունները»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին 2 անգամ մասնակցելուց հետո, հայտարարել է, որ նոյեմբերի 9–ին մասնակցելու է Թալինում Տեր Թադեի մատուցելիք պատարագին։






