Ծափաթաղում տեղի է ունեցել անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրան Օվանեսովի հուղարկավորությունը։
Հուղարկավորությունից հետո գումարվելու է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու և ընտանիքում ապրող մյուս երեխաների ապագայի հարցը, հայտնում է «Հայկական ժամանակը»։
Բացի երեքամյա տղայից՝ ընտանիքն ունի ևս 4 երեխա. ըստ համայնքի բնակիչների՝ չորսն էլ առողջական խնդիրներով։ Բացի այդ՝ տանն ապրում են նաև երեխայի հորաքրոջ երեխաները՝ դարձյալ առողջական խնդիրներով:
Հանձնաժողովի նիստի ընթացքում երեխաների խնամակալության հարցն է քննարկվելու, ռիսկերի գնահատումից ու մյուս աշխատանքներից հետո պետք է որոշվի, թե մյուս չորս երեխաները որտեղ և ում հետ են շարունակելու ապրել։
Տիգրանը որպես անհետ կորած որոնվում էր հոկտեմբերի 27-ից. նրա մարմինը գյուղի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին։Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հաստատել էր, որ տեղի ունեցածը սպանություն է:
Նախարարի փոխանցմամբ՝ նրան հայրն է սպանել խեղդամահ անելու միջոցով: Նախարարի խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դրսում հանդիպել են իրենց հորը, ու հայրը խեղդամահ անելով սպանել է տղային, իսկ թե ինչու այդ հատվածում ավելի վաղ դին չեն կարողացել հայտնաբերել, նախարարը նշել է, որ հայրը դին մի քանի անգամ տեղափոխել է տարբեր հատվածներ:






