«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյա գործունեության կապակցությամբ նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որն այժմ պահվում է Բաքվի բանտում՝ ապօրինի կալանքի տակ, իր ուղերձն է հղել նախաձեռնության համայնքին կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի միջոցով։
Վարդանյանն իր ուղերձում անդրադարձել է «Ավրորային» իր ակտիվ մասնակցության ավարտին և հույս է հայտնել, որ ԱՄՆ–ում տեղակայված լինելու դեպքում էլ այն կշարունակի պահպանել իր հայկական արմատները։
«Նախևառաջ՝ շնորհակալ եմ։ Ձեր հավատքը, առատաձեռնությունն ու վստահությունը հնարավոր դարձրին այն, ինչը մի ժամանակ անհնար էր թվում։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության 10-ամյակի նախօրեին, անձնապես ցանկանում եմ խորին երախտագիտությունս հայտնել բոլոր այն ընկերներին ու բարերարներին, որոնք հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին ինձ և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հենց նրանց նվիրվածությունը վառեց այն կայծը, որն ի վերջո վերածվեց «Ավրորա» շարժման։
Երբ 2014 թվականին մեր ընտանիքն առաջին անգամ ձեռնամուխ եղավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մարդասիրական մրցանակի կյանքի կոչմանը, մենք այն պատկերացնում էինք որպես ութ տարվա ճանապարհ՝ մինչև 2023 թվականը՝ հուսալով, որ «Ավրորան» կվերածվի միջազգային շարժման՝ ունենալով արմատներ Հայաստանում և երախտագիտության գործուն առաքելություն, որը կշարունակեն ուրիշները։
Համավարակի պատճառով մեր նախանշած ժամկետը երկարաձգվեց մինչև 2024 թվականը, երբ Երևանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին և Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակը՝ որպես երախտագիտության և հույսի խորհրդանիշ։ Այս իրադարձությունը դարձավ նաև հանգրվանային՝ ազդարարելով իմ ակտիվ մասնակցության ավարտը։
Ես խորապես շնորհակալ եմ Նուբարին և Վարդանին, ովքեր ի սկզբանե աջակցեցին նախաձեռնությանը որպես համահիմնադիրներ։ Առանձնահատուկ երախտագիտությունս եմ հայտնում Նուբարին և նրա ընտանիքին՝ 2023 թվականից հետո «Ավրորայի» առաջնորդությունը ստանձնելու և այն հաջորդ փուլ տանելու համար։
Հուսով եմ, որ Միացյալ Նահանգներում տեղակայված լինելու դեպքում էլ այն կշարունակի պահպանել իր հայկական արմատները։ Շնորհակալություն եմ հայտնում խորհրդի և ընտրող հանձնաժողովի բոլոր անդամներին` «Ավրորայի» առաքելությանը նվիրված լինելու, քրտնաջան աշխատանքի և հանձնառության, ինչպես նաև՝ այն իսկապես եզակի երևույթ դարձնելու գործում ձեր աջակցության համար։
«Ավրորայի» հիմքում դրված գաղափարը՝ Երախտագիտությունը, մարդկային հիմնարար արժեք է։ Մեկնաբանելով Սբ Ֆրանցիսկոսի մտքերը՝ կցանկանայի ընդգծել, որ «երախտագիտությունն է ծնում ամենաիսկական ցնծությունը»։ Եվ իսկապես, գործուն երախտագիտությունը, կամ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։
Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։
Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին:
Նախաձեռնության 10-ամյակի կապակցությամբ «Ավրորային» մաղթում եմ շարունակական հաջողություններ՝ խորը հավատով, որ երախտագիտությունը կշարունակվի արտահայտվել գործով»«–ասվում է ուղերձում։
Հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը շինծու գործերով գտնվում է Բաքվի բանտում 2023–ի աշնանից ի վեր, երբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայաթափվեց Արցախը։






