AM
5 Նոյեմբեր 2025 - 07:01 AMT

Առուշ Առուշանյանը հայց է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանընոյեմբերի 4-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով ամբողջապես չեղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը, որը վերաբերում է իր կողմից պաշտոնի անհամատեղելիության պահանջների խախտմանը, հայտնում է «Հետքը»։

Հանձնաժողովը 2025 թվականին հրապարակել է եզրակացություն, ըստ որի՝ Առուշանյանը խախտել է այն բովանդակային պահանջները, որոնք օրենքը ներկայացնում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար։

Առուշանյանը 2017թ.-ից հանդիսանում է Գորիս համայնքի ղեկավարը։ 2017թ. վարչապետի որոշմամբ նշանակվել է Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ. ընտրվել է համայնքի ավագանու անդամ, ապա նույն տարվա նոյեմբերի 9-ի ավագանու որոշմամբ ստանձնել է համայնքի ղեկավարի լիազորությունները:

Առուշանյանը 2008թ.-ից «Գոր Մետալ» ՍՊԸ–ի իրական շահառուն է՝ ունենալով 100% բաժնեմասնակցություն: Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ նա 2008-2017թթ. եղել է նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարը:

Առուշ Առուշանյանը «Գոր Մետալ» ՍՊԸ-ի իր 100% մասնակցությունը հավատարմագրային կառավարման է հանձնել 2025թ. օգոստոսի 4-ին, որը իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցվել է օգոստոսի 7-ին։ Ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնվել Ասյա Ղազարյանին։ Վերջինս Առուշ Առուշանյանի մայրն է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Պետական եկամուտների կոմիտեից ստացել է տվյալներ, ըստ որի՝ «Գոր Մետալ» ընկերությունը գործող է, սակայն Առուշ Առուշանյանը 2018թ.-ի հունվարի 1-ից մինչև 2025թ.-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ընկերությունից եկամուտ չի ստացել:

Առուշանյանն իր ներկայացուցիչների միջոցով Հանձնաժողովին պարզաբանումներ է ներկայացրել՝ նշելով, որ պաշտոնավարման ընթացքում չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այդ ընթացքում շահաբաժին չի ստացել, փաստացի չի պահպանվել նաև իր ազդեցությունն առևտրային կազմակերպության գործունեության նկատմամբ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար «համոզիչ» չեն եղել համայնքի ղեկավարի պատճառաբանությունները, հատկապես այն պարագայում, երբ ընկերության հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը կնքվել է միայն 2025թ. օգոստոսին, իսկ կառավարիչն, ըստ այդ պայմանագրի, եղել է մայրը։

Օրենքով կա նաև արգելք, որ փոխկապակցված անձինք չեն կարող լինել հավատարմագրային կառավարիչ։ Նման կարգավորումը նպատակ ունի բացառել այնպիսի իրավիճակների առաջացումը, որ թեև պաշտոնատար անձն իր բաժնեմասը ձևապես հանձնել է հավատարմագրային կառավարչին, սակայն փաստացի շարունակում է պահպանել իր ազդեցությունը առևտրային կազմակերպության գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա։

Առուշ Առուշանյանը նմանատիպ իրավիճակում հայտնվել էր նաև 2017թ.-ին։ «Հետք»-ն այդ ժամանակ գրել էր, որ Առուշանյանին է պատկանում շինանյութի մեծածախ առևտրի մեջ մասնագիտացած «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը: Ընկերությունը հիմնադրվել էր 2008թ.-ին, և հիմնադրման օրվանից Առուշ Առուշանյանն էր զբաղեցնում ընկերության տնօրենի պաշտոնը: Մինչդեռ այդ պաշտոնն անհամատեղելի էր համայնքի ղեկավարի պաշտոնի հետ:

Սակայն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակման հիման վրա վարույթ էր հարուցել ու Առուշանյանին ենթարկել էր վարչական պատասխանատվության՝ 300 հազ. դրամ տուգանքի չափով, ոչ թե անհամատեղելիության պահանջները խախտելու, այլ հայտարարագրում սխալ և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար: