Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը, արձագանքելով Հաղարծինում ծառայող քահանա Տեր Տարոնի վերջին հրապարակային հայտարարություններին, ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ վերջինս6 ամսում վանքից բացակայել է 116 օր:
Նա հավելել է, որ ծառայությունից Տեր Տարոնիբացակայությունները սկսվել են 2022 թվականի հոկտեմբերի 26-ից։
Վարդապետը բացարձակ սուտ է որակել Տեր Տարոնի այն պնդումը, թե նա իր ծառայության վայրը չի լքել, այլ մոտ 1․5 տարի առաջ անժամկետ արձակուրդ է ստացել թեմի նախկին առաջնորդ Բագրատ սրբազանից։
«Սա բացարձակ սուտ է, քանի որ 1․5 տարի առաջ Բագրատ սրբազանն այլևս չէր հանդիսանում Տավուշի թեմի առաջնորդը։ Այդ իսկ պատճառով քահանան չէր կարող ստանալ արձակուրդ առանց իմ հաստատման»։
Նա պարզաբանել է, որ ինքը թեմը սկսել է առաջնորդել 2024 թվականի մայիսի 27-ից։
Սամվել վարդապետը նաև հիշեցրել է, որ վեհափառի կարգադրությամբ Տեր Տարոն Հունանյանը 2022 թվականի մարտի 18-ից ազատվել է Գեղարքունյաց թեմից և նշանակվել Տավուշի թեմում ծառայության՝ ստանձնելով Հաղարծին վանքի լուսարարապետի գործառույթները, ինչպես նաև հանդիսանալով Թեղուտ և Հաղարծին գյուղերի համայնքների հոգևոր հովիվ։ Այդ շրջանում վանքի վանահայրը եղել է հենց Սամվել վարդապետը։
«Տեր հայրը 2023թ․-ին գրեթե չներկայացավ ծառայության․ միայն մի քանի ամսվա կտրվածքով՝ 2023թ․-ի օգոստոսի 1-ից մինչև 2024թ․-ի փետրվարի 7-ը, տեր հայրը վանքից բացակայել է 116 օր։ Սա թեև իմ՝ իբրև վանահոր, խնդիրն էր, սակայն գտնվում էր թեմի առաջնորդի տիրույթում։ 2024թ․-ի մայիսի 27-ից, իբրև Տավուշի թեմի առաջնորդության փաստացի պատասխանատու և արդեն իսկ Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ, խոսել եմ տեր Տարոնի հետ, այն էլ՝ ոչ առանձին, նաև խոսել եմ իրեն շատ հարազատ մեր հոգևոր եղբայրների հետ, սակայն անարդյունք, և մինչ օրս նա ծառայության վայրում չէ (ք․ Իջևան, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի)։
Նրա հետ կապված միակ մեղավորությունս սա է։ Իսկ ինձ համար եղբայրաբար աղոթելու փոխարեն ձեզ համար աղոթեք այս քայքայիչ գործելաոճի և պարզ հավատացյալներին գայթակղության տանելու համար»,- գրել է առաջնորդական տեղապահը։
Տեր Տարոն Հունանյանը ներկայացել է Մայր Աթոռի դիվանատուն, սակայն հրաժարվել է մասնակցել պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի նիստին, որի ընթացքում պետք է քննարկվեր իր հարցը։ Նա հրավիրված էր՝ բացատրություն տալու մի շարք հարցերի վերաբերյալ՝ այդ թվում իր կողմից ծառայության վայրը միանձնյա լքելու, կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի կողմից Հովհաննավանքում 2022 թվականի հոկտեմբերի 26-ին անցկացված հակականոնական արարողությանը մասնակցելու, ինչպես նաև նույն օրը հնչեցրած հակաեկեղեցական ելույթների կապակցությամբ։
Վերջին շրջանում ՀՀ իշխանության կողմից ակտիվ արշավ է վարվում եկեղեցու, մասնավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։ Այս պահին կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ինչպես նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։






