AM
5 Նոյեմբեր 2025 - 07:46 AMT

Կարապետյան․ «Եվրանեսթի» բանաձևին կողմ ենք քվեարկել, քանի որ այն աջակցում էր օգոստոսի 8–ի փաստաթղթին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ընդդիմադիրների քննադատություններին, կապված այն դժգոհության հետ, որ առաջացրել է Վրաստանում ՀՀ իշխող ուժը ներկայացնող պատգամավորների միանալը «Եվրանեսթի» ԽՎ բանաձևին։

Նա պարզաբանել է, որ կողմ են քվեարկել բանաձևին որպես ամբողջություն, քանի որ այն աջակցություն էր հայտնում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին։

«Պարոն Արթուր Խաչատրյան, Դուք պետք է հանդարտվեք։ Պարոն Գառնիկ Դանիելյանն էլ պետք է հանդարտվի։ Եթե չի ստացվում հանդարտվել, բացեք քվեարկությունները և նայեք, թե ինչպես են տիկին Աննա Գրիգորյանը և տիկին Էլինար Վարդանյանը կողմ քվեարկել Վրաստանում «ակադեմիայի ձայները լռեցնելու» մասին առաջարկին, և թե ինչպես եք Դուք կողմ քվեարկել Վրաստանում կալանքի տակ գտնվող անձանց Սախարովի մրցանակ շնորհելու մասին առաջարկին, ու նորից փորձեք հանդարտվել։

Կառավարող ուժի պատգամավորներս կողմ ենք քվեարկել բանաձևին որպես ամբողջություն, քանի որ այն աջակցություն էր հայտնում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիման վրա ապաշրջափակման շուրջ վերահաստատված համաձայնությանը, TRIPP նախագծին, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, պահանջում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերում և Ադրբեջանում պահվող հայ անձանց հարցի հասցեագրում։

Իսկ դուք՝ բոլոր ընդդիմադիր պատգամավորներդ այս բանաձևի քվեարկությանը չեք մասնակցել՝ ի հեճուկս այս կարևորագույն դրույթների։ Իսկ որ Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին ձեր առաջարկությունը անցներ, էլի՞ չէիք մասնակցելու բանաձևի որպես ամբողջության քվեարկությանը։ Ձեր այս առաջարկի տապալման մասին էլ եք սուտ տարածել։

Կառավարող ուժի պատգամավորներս, եթե մտադրություն ունենայինք համոզել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ձեր առաջարկին կողմ չքվեարկել, դա կանեինք նախապես։ Ինչպես երևում է ուղիղ եթերից, Եվրոպական խորհրդարանի պատգամավորները իրենք ընդմիջում խնդրեցին՝ հարցը իրենց մեջ քննարկելու համար, իսկ մենք՝ կառավարող ուժի պատգամավորներս մնացինք մեր տեղերում նստած։ Եվ կրկին՝ պարոն Գառնիկ Դանիելյանին էլ ասեք, որ հանդարտվի»,–գրել է Կարապետյանը։

«Եվրանեսթի» ԽՎ բանաձևին հայ պատգամավորների միանալը դժգոհություն է առաջացրել Վրաստանում։ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանին, անդրադառնալով Վրաստանի կառավարության ոչ լեգիտիմության մասին «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևին, նշել է, որ, աջակցելով բանաձևին, հայ պատգամավորներն «անվստահություն են հայտնում իրենց վարչապետին»:

Հոկտեմբերի 31-ին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը հրապարակել է բանաձև, որտեղ անդրադարձ է կատարվել Վրաստանում տիրող իրավիճակին, որտեղ խոսվում է երկրում ժողովրդավարության անկման մասին։