AM
5 Նոյեմբեր 2025 - 09:10 AMT

Պողոսյան․ ՔԿ–ն վնասի վերականգնման պլան չունի

Քննչական կոմիտեն պետությանը պատճառված վնասի վերականգման պլան չունի։ Այդ մասին հայտարարել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի դիտարկմանը։

«Տնտեսվարողների նկատմամբ հարուցված գործերը հիմնականում վերաբերում են 10 միլիոն դրամից ավելի խախտում արձանագրելու հետ։ Տնտեսվարողները նշում են, որ հաճախ գումարի չափը միտումնավոր է ուռճացվում, որպեսզի իրենց գործերը ՊԵԿ–ը փոխանցի քննչական կոմիտե ու գործ հարուցվի, որից հետո առգրավում են նաև նրանց գույքը»,– նշել է Վարդանյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ի պատասխան՝ Պողոսյանը հավաստիացրել է, որ երբ ՊԵԿ-ից ստանում են լիարժեք հաղորդում որևէ տնտեսվարողի կողմից հարկային պարտավորություններից միտումնավոր խուսափելու վերաբերյալ, այդ հաղորդումը հիմնված է լինում որոշակի փաստական հիմքերի վրա, այդ թվում՝ ՊԵԿ-ի կողմից տրամադրված նախնական հաշվարկի, որի արդյունքում էլ նախաձեռնվում են քրեական վարույթներ։

«Դրանից հետո միայն մենք սկսում ենք քննչական գործողություններ կատարել, որի մեջ մտնում է նաև գույքի առգրավումը։ Դրան հաջորդում են մեր ստուգումները, որի արդյունքում որոշում ենք անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Բազմաթիվ են դեպքերը, երբ նախնական հաշվարկի հիման վրա մենք վարույթներ չենք նախաձեռնել։ Վնասների վերականգնման պլան` որպես այդպիսին, ՔԿ–ում գոյություն չունի, դրանք ուղղակի ընթացիկ գործեր են»,– հայտարարել է Պողոսյանը։

Պողոսյանը հավելել է, որ իրենց գործելաոճում արտասովոր ոչինչ չկա, և կոմիտեն գործերը կազմակերպել է այնպես, որպեսզի որքան հնարավոր է չխաթարի տնտեսվարողների գործունեությունը։

Վարդանյանը նշել է, որ շատ տնտեսվարողներ դժգոհել են քննիչների վերաբերմունքից՝ ընդգծելով, որ իրենց հետ վարվում են այնպես, ինչպես հանցագործների հետ։

Արթուր Պողոսյանը խոստացել է իշխող խմբակցության ներկայացուցչի ասածները նկատի ունենալ։

Պատգամավոր Ագնեսա Խամոյանը, ներկայացնելով «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, անդրադարձել է նույն հարցին։

«Խնդիրը սյուռ է. ՊԵԿ–ը գցում է ՔԿ–ի վրա, ՔԿ–ն ՊԵԿ–ի։ ՊԵԿ–ի հետ այս նույն քննարկումն ունեցել ենք, ու նա անմեղ դեմքով ասում է մենք ի՞նչ մեղավոր ենք, ՔԿ–ն է մեղավոր։ Հարկայինի աշխատողները շատ կուլտուրական ներխուժում են տնտեսվարողների գործունեության վայր, առաջարկում են X գումարի հարկ վճարել, հակառակ դեպքում սպառնում են` ձեզնով կզբաղվեն քննիչները։ Քննիչներն իրենց հերթին տնտեսվարողին առաջարկում են X գումարի չափով վճարում անել ինչ–որ հաշվեհամարի, որը հետո կա՛մ կվերադարձվի, կա՛մ ոչ։ Եթե տնտեսվարողները մերժեն քննիչներին, սպառնում է կալանավորում կա՛մ տվյալ անձին, կա՛մ այդ բիզնեսի ղեկավարին»,– ընդգծել է պատգամավորը։

Խամոյանը պնդել է, որ ՔԿ-ի և ՊԵԿ-ի գործողությունները կարելի է բնութագրել մեկ խոսքով՝ պետական ռեկետ։