Հայաստանը և Թուրքիան համաձայնության են եկել ավելացնել չվերթերի քանակը։ Այդ մասին «Օրբելի 2025. Խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային ֆորումում հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներ եղել են, պայմանավորվածություն կա ավելացնելու դրանք՝ դեպի Երևան, Գյումրի, և, ըստ այդմ, Ստամբուլ, միգուցե՝ Անկարա»,- ասել է Միրզոյանը՝ ընդգծելով, որ «Շիրակ» օդանավակայանը նույնպես կմիանա չվերթերին, հայտնում է Aysor.am-ը։
Միրզոյանի խոսքով՝ հիմնական խոչընդոտը Թուրքիայի հետ հարաբերություններում եղել է փակ սահմանը և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։
«Հիմա պետք է արձանագրեմ, որ Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ և բովանդակային քաղաքական երկխոսություն։ Գործընթացը, հանդիպումները եղել են հանրային։ Հիմա նաև քննարկվում են փոխգործակցության և վստահության ամրապնդման այլ միջոցներ»,–ասել է նա։
Երևանում մեկնարկած «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ պաշտոնապես հրավիրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել 1991 թվականից ի վեր, իսկ սահմանի փակման որոշումը կայացվել է 1993 թվականին՝ Անկարայի նախաձեռնությամբ։ 2021 թվականի դեկտեմբերին երկու երկրները հատուկ ներկայացուցիչներ են նշանակել կարգավորման գործընթացի համար։






