AM
5 Նոյեմբեր 2025 - 09:49 AMT

ՔԿ նախագահ․ Սամվել Կարապետյանի գործը դեռ նախաքննության փուլում է

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվող հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի գործը ներկայումս դեռ նախաքննության փուլում է։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ երբ գործն ավարտվի, ապացույցները ձեռք բերվեն, գործը դատարան փոխանցվի, լրագրողները հնարավորություն կունենան հրապարակային դատաքննության ընթացքում բոլոր ապացույցների հետազոտմանը ներկա գտնվել, գրում է Aysor.am-ը։

«Անձին որոշակի հոդվածներով մեղադրանք առաջադրելը դեռևս չի նշանակում վերջնական դատավճիռ։ Հնարավոր է՝ արարքի իրավական գնահատականը փոխվի, հնարավոր է՝ մեղադրանքի որոշ մասեր հաստատվեն կամ չհաստատվեն, նույնիսկ ունեցել ենք դեպքեր, երբ մեղադրյալ ենք ներգրավել և գործը դատարան չենք ուղարկել։

Այսինքն, քրեական հետապնդումը դադարեցնելու գործիքակազմը դրա համար է։ Ես կարող եմ միայն փաստել, որ կա մեղադրյալ, կա ընտրված խափանման միջոց, և գործը գտնվում է նախաքննության փուլում, թե հետագայում ի՞նչ ելք կունենա՝ պարզ կլինի քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներից»,-ասել է Արթուր Պողոսյանը։

Հայտնի է, որ Սամվել Կարապետյանի գործով ներգրավված է 53 քննիչ։