AM
5 Նոյեմբեր 2025 - 09:58 AMT

ԵՄ-ն ՀՀ–ին է փոխանցել վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում նախատեսված գործողությունների ծրագիրը։

Փաստաթղթում ներկայացված են այն բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի անվտանգության, սահմանային վերահսկողության, մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներում, հայտնում է Արմենպրեսը։

«Մենք հենց նոր Ներքին գործերի նախարարին հանձնեցինք վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը պարունակում է մի շարք նպատակներ տարբեր ոլորտներում՝ անվտանգությունից մինչև մարդու իրավունքներ։ Նպատակներ, որոնց պետք է հասնել հաջորդող տարիներին։ Շնորհավորում եմ նախարարին և իշխանություններին այս գործընթացում արագ և խորքային առաջընթացի համար։ Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն»,- ասել է Լուխները։

Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ստացված փաստաթուղթը պատմական նշանակություն ունի Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության իրականացման ճանապարհին։

«Հիրավի պատմական իրադարձություն ունենք այսօր, որովհետև, ի վերջո, վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում ունենք առաջին շոշափելի քայլը, որը համատեղ ջանքերի արդյունք է։ Այսօր պաշտոնապես հայկական կողմին է հանձնվել Հայաստանի Հանրապետության համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործողությունների ծրագիրը։ Այս համատեքստում ուզում եմ մեծ պատասխանատվությամբ նշել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ ունի շարունակական երկխոսություն վիզաների ազատականացման թեմայով։

Պետք է ընդգծեմ, որ գործողությունների ծրագիրը, որը ներկայացվել է հայկական կողմին, լիովին համահունչ է ՀՀ կողմից վարվող բարեփոխումների քաղաքականությանը։ Դրանում ներառված են մի շարք միջոցառումներ, որոնք էական նշանակություն են ունենալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքի վրա և, հատկապես վիզաների ազատականացման համատեքստում, կապահովեն արժանապատիվ ճանապարհորդության հնարավորություն դեպի Եվրոպական միության տարբեր երկրներ»,- նշել է Սարգսյանը։

Նախարարն ընդգծել է, որ ծրագիրը ներառում է բարեփոխումներ միգրացիոն կառավարման, ապաստանի համակարգի, սահմանների հսկողության, մարդու իրավունքների և հանրային անվտանգության ուղղություններով, որոնք հանդիսանում են Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի առանցքային բաղադրիչները։

«Ուզում եմ շեշտադրել ՀՀ հանձնառությունը՝ հետևողականորեն իրականացնել գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները։ Կիսում եմ այն գնահատականը, որ մենք շատ կարճ ժամկետում ենք հասել այս կարևոր հանգրվանին, որը գտնվում է հանրային լայն ուշադրության կենտրոնում և ձևավորել է բարձր ակնկալիքներ»,- ընդգծել է Սարգսյանը։

Հայաստանն ու Եվրոպական միությունը վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին հայտարարել են 2024 թվականի սեպտեմբերին։ Այդ պահից սկսած ընթացել են ակտիվ քննարկումներ, պաշտոնական այցելություններ և բարձր մակարդակի հանդիպումներ՝ գործընթացը գործնական մակարդակի հասցնելու նպատակով։