AM
5 Նոյեմբեր 2025 - 10:22 AMT

Միրզոյանը` Ալիևի պնդման մասին․ Դա կառուցողական ձևակերպում չէ և չի տեղավորվում խաղաղության նարատիվի մեջ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ», ասել է, որ ձևակերպումն այսպիսին էր՝ ցարական քարտեզներում չկա Սևան, կա «Գյոյչա», չեմ կարծում, որ Ալիևն ասում է, որ այսօր չկա Սևան, այլ կա «Գյոյչա»:

Սակայն, ըստ նրա, միևնույն է, սա կառուցողական ձևակերպում չէ և չի տեղավորվում խաղաղության նարատիվի մեջ, հայտնում է Aysor.am-ը։

«Ես էլ կարող եմ ասել, որ կան ցարական շրջանի շատ քարտեզներ, որտեղ կա Սևան, չեմ էլ ուզում գնալ պատմության մեջ, որովհետև շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքների վրա։ Խոսենք իրական Հայաստանի այսօրվա իրական սահմանների՝ Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին»,-հավելել է Միրզոյանը։

Ալիևը հայտարարել է, թե «չկա Սևանա լիճ, կա Գոյչայի լիճ», և որ «ադրբեջանցիների՝ Հայաստանի ներկայիս տարածքում իրենց պատմական հողեր վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»․ քանի որ «իրենք այդ տարածքներ պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով»։