Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ԱԺ-ում հայտարարել է, որ «քովիդի» գործով այս պահին ակտիվ վարութային գործողություններ են կատարվում։
«Մեծածավալ ու բազմադրվագ վարույթ է, ձեռնարկվում են միջոցներ՝ գործի բոլոր հանգամանքները համակողմանի ու անաչառ ուսումնասիրելու համար»,- նշել է նա, գրում է Aysor.am-ը։
Նահապետյանը վստահեցրել է, որ գործով ձեռք բերված արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը։
Կոմիտեի նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր՝ անհրաժեշտ է հարցաքննել կորոնավիրուսային համավարակի օրերին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանին։
Այս գործով հարցաքննվել է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածելայն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է մոտ 120 միլիոն դրամ։
«Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանն ու Գևորգ Սիմոնյանը կալանավորվել էին, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։ Կալանավորվել էին նաև մի շարք այլ անձիք։ Ավելի ուշ Գևորգ Սիմոնյանն ազատ էր արձակվել։
«Քովիդի» ժամանակ արտակարգ դրություն էր սահմանվել ՀՀ տարածքում. ՀՀ պարետ էր նշանակվել այն ժամանակ փոխվարչապետ, այժմ` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:






