Դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։
«Շատ մանրամասներ չեմ կարող ասել, դատական նիստը դռնփակ է եղել։ Մեղադրանքի կողմի միջնորդությունը մերժվեց, այսինքն՝ բացակայելու արգելքը չկիրառվեց, միայն գրավ խափանման միջոցն է կիրառվել»,- ընդգծել է Հակոբյանը, գրում է Sputnik Արմենիան։
Պաշտպանի խոսքով՝ եթե նույնիսկ նվազագույն հիմնավորում լիներ, դատարանը կհաստատեր միջնորդությունը։ Նա նշել է, որ նման տվյալներ պարզապես չկան։
Դատական նիստից հետո Սերժ Սարգսյանն էլ է անդրադարձել երկիրը լքելու վերաբերյալ կասկածներին։
«Ձեզ թվում է, թե ես նման եմ մարդու, ով կարող է փախչի։ Ես որտեղից եմ փախել, որ այստեղից փախնեմ։ Եթե Հայաստանի որևէ դատարան ինձ դատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ փախչի։ Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ։ Ես իմ երկրից ո՞ւր պետք է փախչեմ։ Այն «օպերատիվ» տվյալները, որ նշում են, ես արդեն վաղուց պետք է փախած լինեի»,- ընդգծել է ՀՀ 3-րդ նախագահը։
Սերժ Սարգսյանին վերաբերող քննչական գործընթացները ներկայում ընթանում են երկու առանձին վարույթով։ «Դիզելի գործը» միացվել է այն քրեական գործին, որտեղ շոշափվում են Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները։ Մյուս վարույթում, որն առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանից ենթադրյալ կաշառք ստանալուն և Իսակովի պողոտայի տարածքներում հողեր օտարելուն, միացված են մեկ գործի մեջ։






