Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ նախքան իր նշանակվելը միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում, իր նախորդներն արդեն ահռելի աշխատանք են իրականացրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցում, և ինքը այլևս ավելացնելու կարիք չի ունեցել։
Անդրեասյանը հավելել է, որ հիմա իր տիրույթում է հետևել, որ գերիների և անհետ կորածների` միջազգային ատյաններում բարձրացված ցավոտ հարցը ստանա դատական ճիշտ արձագանք, գրում է Sputnik Արմենիան։
«Ուղղակի մենք պետք է սպասենք արդեն այլ գործընթացների, օրինակ՝ համապատասխան միջազգային ատյանների որոշումներին, խաղաղության գործընթացի զարգացումներին, դիվանագիտական այն մեծ աշխատանքին, որ կատարում են մի շարք կառույցներ՝ ԱԳՆ–ն, հատուկ ծառայությունները և այլն»,- ասել է նա։
Բաքուն պաշտոնապես հաստատել է 23 հայ քաղաքացիների գերեվարումը, որոնցից 17-ը հայտնվել են այնտեղ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողություններից հետո։ Նրանց շարքում են Արցախի տարբեր ժամանակաշրջանների ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ինչպես նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։






