ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղղել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ղեկավարին՝ Դրախտիկ գյուղի տարածքում գտնվող հողամասի պայմանագրերը լուծելու նպատակով, որոնք գրանցված են ՀՀ ոստիկանության նախկին ղեկավար Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր՝ Հեղուշ Գալստյանի անունով, հայտնում է Դատախազության մամուլի ծառայությունը։
Պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում դատախազությունը հետազոտել է 2007 թվականի սեպտեմբերի 28-ին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Արևիկ առողջարան» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրը, որով պետական հողատարածք է տրամադրվել կառուցապատման իրավունքով։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ «Արևիկ առողջարան» ընկերությունը, մոտ մեկ տարի անց՝ 2008 թվականի հունիսի 9-ին, այդ հողամասի 0.74 հեկտար կառուցապատման իրավունքը փոխանցել է Հեղուշ Գալստյանին։ Նրա անունով 2008 թվականի հունիսի 12-ին կատարվել է պետական գրանցում։
2010 թվականի հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետը տրամադրել է ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ նույն հողամասում կառուցապատում իրականացնելու համար, իսկ 2011-ի փետրվարին արդեն գրանցվել է Գալստյանի կառուցապատման իրավունքը։
Սակայն դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ պահին տվյալ հասցեում արդեն եղել է ինքնակամ կառուցված 382.5 քմ շինություն, որի օրինականացման համար անհրաժեշտ՝ շինարարության թույլտվության և ավարտական ակտի տվյալները բացակայել են կադաստրային փաստաթղթերում։
Հետագայում՝ տարբեր գրանցումների, միավորումների և նոր փաստաթղթերի հիման վրա, Հեղուշ Գալստյանի անվամբ գրանցվել է արդեն 1.195 հա մակերեսով հողամասը, Դրախտիկ 1-ին փողոց 97 հասցեով։
Այս գործընթացների ընթացքում, ինչպես պարզել է Դատախազությունը, պաշտոնատար անձինք բազմիցս գործել են օրենքի պահանջներին հակառակ՝ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, թույլ տալով և օրինականացնելով ինքնակամ կառույցներ, չկասեցնելով դրանց շինարարությունը և չկիրառելով օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։
Այս խախտումների հիման վրա՝ Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն արդեն 2025 թվականի հոկտեմբերի 24-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։ Միևնույն ժամանակ, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին ուղարկվել է միջնորդագիր՝ պայմանագրերը լուծելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։






