ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ Հովհաննավանքը զավթելու մասին ներկայացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի հարուցվել։
«Որքան տեղյակ եմ, հանցագործության մասին հաղորդում ենք ստացել, բայց ոչ թե Մայր աթոռից, այլ փաստաբաններից։ Էդ հաղորդմանը սահմանված կարգով ընթացք է տրվել։ Այս պահի դրությամբ, որքան տեղյակ եմ, վարույթ չի նախաձեռնվել»,- նշել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Լրագրողների հարցին՝ արդյոք որևէ ընթացք տրվե՞լ է հոկտեմբերի 15-ին 15 հոգևորականի ձերբակալությունից հետո փաստաբանների և հոգևորականների բարձրաձայնած իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկություններին, ՔԿ նախագահը պատասխանել է, որ ծառայողական քննություն է սկսվել։
«Քանի որ մամուլում հրապարակումներ եղան, թե ենթադրաբար ինչ-որ իրավունքներ են սահմանափակվել, իմ հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Եթե պարզվի` որևէ քննիչ կարգապահական խախտում է թույլ տվել, համոզված եղեք՝ կենթարկվի կարգապահական պատասխանատվության»,- ասել է Պողոսյանը։
Հարցին՝ կա՞ արդյոք որևէ հրահանգ կամ ցուցում, որ քննիչները միտումնավոր կերպով չհարգեն հոգևորականներին կամ, օրինակ, նրանց դիմեն միայն անուն-ազգանունով՝ չընդգծելով հոգևոր կարգավիճակը, Պողոսյանը նշել է, որ քննիչները պարտավոր են առաջնորդվել բացառապես անձնագրային տվյալներով։ Նրա հավաստմամբ՝ չկա որևէ ցուցում կամ հրահանգ՝ հոգևորականների նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորելու։
Հովհաննավանքի զավթման վերաբերյալ հաղորդումը ներկայացվել է փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից։ Վերջինս հոկտեմբերի 23-ին իրավապահ մարմիններին ուղարկել է երեք հաղորդում հանցագործության մասին։ Դրանցից մեկը վերաբերում է, ըստ նրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախկին քահանա Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցական ծեսի իրականացմանը խոչընդոտելու փորձին։ Փաստաբանի պնդմամբ՝ վարչապետն ու Ասատրյանը փորձել են խանգարել Հայաստանյայց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևորականի՝ 2025 թվականի հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում պատարագ մատուցելուն։






