AM
5 Նոյեմբեր 2025 - 13:39 AMT

ԵՄ պաշտոնյա․ Վիզաների ազատականացման գործընթացը կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի

Հայաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման գործընթացը բաց և շարունակական է ու կտևի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի ծրագրի լիարժեք իրագործման և բարեփոխումների նպատակների իրականացման համար։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այն կտևի այնքան, ինչքան անհրաժեշտ է, որպեսզի բարեփոխումների նպատակները հասնեն իրենց հանգրվանին։ Ինչպես նախարարը (խմբ. նկատի ունի ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին) նշեց, Հայաստանում մեծ բարեփոխումներ են իրականացվելու տարբեր ոլորտներում, և դրանք պետք է նպաստեն գործողությունների ծրագրի հաջող իրականացմանը», – նշել է Լուխները, գրում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ թե՛ ԵՄ-ն, թե՛ հայկական կողմը հանձնառու են, որ գործընթացը ընթանա ոչ միայն արագ, այլև որակով։

Ըստ Լուխների՝ հաջորդ քայլը հայկական կողմինն է. պետք է ներկայացվի պաշտոնական արձագանք ԵՄ-ի փոխանցած գործողությունների ծրագրին, որից հետո ԵՄ-ն Հայաստան կուղարկի փորձագիտական խմբեր՝ գնահատման աշխատանքների համար։

«Մեր մասնագիտական խմբերը կմեկնեն Հայաստան՝ տարբեր բլոկերով ուսումնասիրելու իրավիճակը և կազմելու առաջընթացի զեկույցներ։ Ծրագիրը բաղկացած է երկու փուլից․ առաջինը վերաբերում է օրենսդրական փոփոխություններին և իրավական ակտերի ընդունմանը, իսկ երկրորդը՝ դրանց գործնական կիրառմանը», – ընդգծել է նա։

Լուխները նաև նշել է, որ արդեն իսկ նկատվում են Հայաստանի կողմից իրականացված զգալի ու արդյունավետ քայլեր՝ մասնավորապես կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման ուղղությամբ, ինչը Եվրամիության կողմից գնահատվել է որպես դրական զարգացում։

«Քանի որ Հայաստանի իշխանությունները արդյունավետ և արագ են աշխատել կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման ուղղությամբ, մենք արդեն կարող ենք ակնկալել դրա գործարկումը հաջորդ տարվա սկզբին։ Մյուս բաղադրիչները վերաբերում են օրենսդրական մակարդակին և լինելու են ընթացիկ գործընթացներ, որոնց իրականացմանը մենք հանձնառու ենք տալ շարունակական ընթացք», – եզրափակել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին է փոխանցել վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում նախատեսված գործողությունների ծրագիրը։

Փաստաթղթում ներկայացված են այն բարեփոխումները, որոնք Հայաստանը պետք է իրականացնի անվտանգության, սահմանային վերահսկողության, մարդու իրավունքների և մի շարք այլ ոլորտներում։