AM
5 Նոյեմբեր 2025 - 14:30 AMT

ՔԿ նախագահ․ «Սրբազան պայքարի» գործով խուզարկությամբ հայտնաբերված ապացույցներ կան

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ «Սրբազան պայքարի» գործով ներգրավված անձինք անձամբ են իրենց գործողությունները բնութագրել որպես ահաբեկչություն։ Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Ազգային ժողովում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։

Վերջինս հետաքրքրվել է, թե ինչու է հանրությանը ներկայացվել Բագրատ սրբազանի խոսքի խեղաթյուրված տարբերակը՝ առանց ամբողջական համատեքստի, գրում է Sputnik Արմենիան։

«Հստակ Հ1–ի եթերում ասում էիք, որ «Սրբազան պայքարի» գործով անցնող անձինք պետք է իշխանափոխություն իրականացնեին, որի ընթացքում մարդկանց գյուլլելու և նստեցնելու գործընթացներ պետք է լինեին։ Հետագայում արդեն ապացուցվում է, որ որևէ խոսք չի եղել որևէ մեկին կալանավորելու մասին՝ հատկապես իշխանափոխության տրամաբանության ներքո։ Հիմա ի՞նչ պատասխան եք տալու նախ մեր հանրությանը. այս պահին 18 անձ կալանավորված է։ Դուք, պատասխանատու պաշտոն զբաղեցնելով, ունենալով ամբողջական ինֆորմացիա, նախընտրել եք ընդամենը մի նախադասություն հանել և ահաբեկել, թե «ժողովուրդ ջան, այս մարդիկ պատրաստվում են ձեզ գնդակահարել, նստեցնել, միայն թե իշխանության հասնեն»։ Հիմա դուք պատրաստվո՞ւմ եք ժողովրդից ներողություն խնդրել, եթե ոչ, ապա բացատրեք` ինչ էիք ներկայացնում»,– նշել է Գրիգորյանը։

Պողոսյանը պատասխանել է, որ քննությամբ ձեռք բերված փաստերն ապացուցում են իր ասածները։

«Տեղյա՞կ եք, որ այդ գործով իրենց ձեռքով գրված ապացույցներ կան, որ արարքի որակումն ինքն իրեն տվել է՝ ահաբեկչություն, պլանավորված ահաբեկչություն։ Սենսացիա եք ինձանից ուզո՞ւմ։ Բաց դատաքննություն է լինելու, ու կներկայացվեն սխեմաներով։ Իրենք են որակում տվել, թե ոնց են գրավում ոստիկանության շենքերը»,– ասել է Պողոսյանը։

Նա նաև կոչ է արել հանրության մեջ խեղաթյուրված ընկալումներ չձևավորել գործի շուրջ և վերահաստատել է իր նախկինում արած հայտարարությունները։

«Փորձում են նսեմացնել քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, որոնք հիմնավորում են մեղքը։ Դուք կենտրոնացել եք «գնդակահարելու» դեպքի վրա։ Հիմա ինձանից ի՞նչ եք ուզում, հիմա այդ «գնդակահարելու» թիրախի փնտրտուքի մե՞ջ եք, թե ում պետք է պատերի տակ գնդակահարեին։ Եղե՞լ է նման խոսակցություն պատերի տակ գնդակահարելու, այո՛, եղել է»,– ասել է նա։

ՔԿ ղեկավարը խոսել է նաև Նաթան սրբազանի և Աղան աբեղա Երնջակյանի հեռախոսային խոսակցության ձայնագրման մասին՝ նշելով, որ դա չի կարելի որակել որպես գաղտնալսում։

«Պարզ եմ ասում` այս պահին նման տվյալ չունենք, որ դա գաղտնալսում է։ Մենք ունենք բովանդակային տվյալներ, որտեղ արտացոլված են որոշակի հանցակազմին բնորոշ գործողություններ, այդ մասով էլ վարույթ ենք նախաձեռնել»,– ասել է Պողոսյանը։

Ի պատասխան Աննա Գրիգորյանի դիտարկմանը, թե այս վարույթները նրա համար են, որ կարողանան հետո կալանավորել կաթողիկոսին, ՔԿ նախագահը վստահեցրեց` իրենք որևէ վարույթով որևէ նպատակ չունեն։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Քննչական կոմիտեն նշել է, որ «Սրբազան պայքար» շարժման ղեկավարությունը և անդամները ծրագրել են ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական գործողություններ և բռնությամբ զավթել իշխանությունը։