Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ անցկացրած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանը՝ ընդգծելով դրա կարևորությունը առողջապահության և տնտեսության զարգացման համար։
Փաշինյանը նշել է, որ 2026 թվականի հունվարից պլանավորվում է ներդնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, պարզաբանել, որ այն համընդհանուր է, այլ ոչ թե համապարփակ, քանի որ վերաբերելու է բոլորին, սակայն ոչ ամեն ինչին։
Վարչապետինշա խոսքով, աշխարհի փորձը նույնպես ցույց է տալիս, որ ապահովագրական փաթեթները որոշակի սահմաններ են ունենում և մեր երկրի դեպքում էլ դրվել է շատ կարևոր նշաձող և առանձնացվել առաջնային, կարևոր ծառայությունները, որոնք պետք է ծածկի առողջապահության համընդհանուր ապահովագրությունը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին մանրամասնել է, որ վերլուծությունների արդյունքում առանձնացվել են առավել տարածված հիվանդություններն ու այդ հիվանդությունների բուժման ամենաարդյունավետ մեթոդները։ Շեշտը դրվել է կանխարգելման վրա՝ հիվանդությունների վաղ հայտնաբերման և ծախսարդյունավետ բուժման նպատակով։
Քննարկման ընթացքում նշվել է, որ շահառուներն ամփոփվել են ըստ սոցիալական խմբերի։ Մինչև 18 տարեկան երեխաների, 65 և բարձր տարիքի քաղաքացիների, հաշմանդամություն ունեցողների և սոցիալապես անապահով խմբերի համար փաթեթի արժեքը վճարվելու է պետության կողմից։ Մնացած քաղաքացիները ամբողջությամբ կամ մասնակի կֆինանսավորեն իրենց ապահովագրական փաթեթը՝ տարեկան 129,600 դրամ։
Նախատեսվում է, որ 2026-ին 200,000 դրամից բարձր աշխատավարձ ստացող անձինք այս գումարը չեն վճարի՝ կառավարության կատարելիք վերաբաշխումների շնորհիվ։ Հետագա փուլում՝ 2027-ից սկսած, նրանք կվճարեն ամբողջական գումարը։
Վարչապետը նաև նշել է, որ «Զինապահ» հիմնադրամին այս պահին փոխանցվող ամսական 5500 դրամը կվերադառնա նախորդ՝ 1000 դրամի մակարդակին, իսկ խնայված գումարն ուղղվելու է առողջության ապահովագրությանը։
Անահիտ Ավանեսյանն ավելացրել է նաև, որ 200-500 հազար դրամ վաստակող քաղաքացիների համար համակարգում ներդրվել է սոցիալական կրեդիտներից ամսական մինչև 6000 դրամ վերադարձի հնարավորություն, ինչը լրացուցիչ միջոց է ապահովագրության ծախսը մեղմելու համար։
«Այսինքն՝ այստեղ 4500 դրամ և 6000 դրամը, ըստ էության, ծախսը, այդ բեռը քաղաքացին չի զգալու։ Քաղաքացին 500 դրամ է վճարելու»,-նշել է նա։
Նախատեսվում են նաև պարտադիր և ամենամյա սկրինինգային ծրագրեր՝ հիվանդությունների վաղ փուլում հայտնաբերման և կանխման նպատակով։ Վարչապետը շեշտել է, որ սա առողջության վերաբերյալ նոր մշակույթի ձևավորման քայլ է։
Անդրադառնալով 200,000 դրամի աշխատավարձի շեմին՝ Փաշինյանը նշել է, որ այդ հատվածում ստվերային աշխատավարձի ցուցանիշն ամենաբարձրն է, իսկ այս համակարգով խթան է ստեղծվում, որպեսզի քաղաքացիներն իրենք պահանջեն իրենց աշխատավարձի օրինական գրանցում։ Սա, նրա խոսքով, կարևոր մեխանիզմ է ստվերի կրճատման և հարկային կարգապահության ամրապնդման ուղղությամբ։
«Այնպես չէ, որ մենք հաջորդ օրն արթնանալու ենք և տեսնելու ենք, որ մեր առողջապահական համակարգը, մենթալիտետը, հարաբերությունները, ամեն ինչ փոխվեցին։ Այդ ամենը պետք է փոխվի ժամանակի և մեր աշխատանքի ընթացքում»,-նշել է նա։
Ամփոփելով քննարկումը՝ Փաշինյանը ընդգծել է, որ առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումը դառնալու է համակարգային փոփոխություն՝ առողջապահության որակի և մատչելիության բարձրացման, տնտեսության զարգացման ու աշխատանքի արդյունավետության աճի ուղղությամբ։






