Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտել է Ծափաթաղում երեխայի սպանությունից հետո անչափահասների մասնակցությամբ տեսանյութերի տարածումը։
Հայտարարության մեջ նշվել է, որ վերջին օրերին երեխայի մահվան դեպքի հետ կապված աղմկոտ քննարկումների ֆոնին, զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական հարթակներում տարածվել են այլ երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք խախտել են մի շարք հիմնարար արժեքներ։
Նշվում է, որ տեսանյութերն արվել և տարածվել են՝ անտեսելով երեխայի «լավագույն շահի», «մի՛ վնասիր» մոտեցումներն ու պատասխանատու լրագրության սկզբունքները։
«Նման հրապարակումները երեխայակենտրոն չեն և զգայուն համատեքստում են հանրայնացնում երեխաների անձնական տվյալները, ինչի հետևանքով նրանք թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում»,– նշել է ՄԻՊ–ը։
Պաշտպանը հորդորել է խուսափել երեխաների մասնակցությամբ նմանատիպ նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից՝ նշելով, որ նման գործելակերպը հակասում է ոչ միայն լրագրողական էթիկային, այլև երեխայի իրավունքների պաշտպանության հիմունքներին։
Նա շեշտել է՝ երբ պատրաստվում են երեխաների մասնակցությամբ նյութեր, անհրաժեշտ է խստորեն հետևել պատասխանատու լրագրության պահանջներին՝ առաջնային դիտարկելով երեխայի իրավունքների պաշտպանությունը։
Նման աշխատանքը պետք է իրականացվի՝ ապահովելով լուսանկարների, տեսանյութերի պատրաստման, մշակման և հրապարակման բոլոր փուլերում երեխայի «լավագույն շահի» պահպանումը, ինչպես նաև՝ «մի՛ վնասիր» սկզբունքի ու անձնական տվյալների պաշտպանության լիարժեք իրականացումը։ Այս պահանջներն առնչվում են նաև այն մասնագիտական համայնքներին, որոնք անմիջականորեն աշխատում են երեխաների հետ։
ՄԻՊ-ը հիշեցրել է, որ երեխայի անձնական տվյալները հրապարակելիս կամ տարածելիս, անհրաժեշտ է խստորեն պահպանել միջազգային և ազգային օրենսդրությամբ սահմանված կարգավորումները՝ երրորդ անձանց հասանելի դարձնելու առումով։
Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է՝ պետք է իրականացնել հետևողական քայլեր՝ բացառելու երեխաների անձնական տվյալների խախտումները, ինչպես նաև կազմակերպել լայնածավալ իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ։
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ Տիգրան Օվանեսովը համարվել է անհետ կորած հոկտեմբերի 27-ից։ Երեխայի դին հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին՝ Ծափաթաղ գյուղին կից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջում։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այտնել է, որ նախնական տվյալներով՝ երեքամյա Տիգրանին խեղդել է նրա հայրը։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել սպանության հոդվածով։ Նա կալանավորվել է։






