Ռուսաստանից ուղարկված ցորենով բեռնված գնացքը՝ կազմված 15 վագոնից, հասել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի ու Վրաստանի տարածքներով, հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։
Նշվում է, որ դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումն Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։
Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը։
Նշվում է նաև, որ նախաձեռնությունն առանձնապես կարևոր է նաև փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման համատեքստում։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ողջունել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերսկսումը՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, նշելով, որ դա դրական քայլ է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման ուղղությամբ և ընդգծում է համագործակցության ընդհանուր ձգտումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Անկախացումից ի վեր առաջին անգամ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն է իրականացվում ՀՀ և ՌԴ միջև։ Դա իրական,․ շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»,–ասել է փոխվարչապետը։
Նա խորհրդանշական է համարել, որ առաջին բեռը, որն անցել է այդ ճանապարհով, ռուսական ցորենն է՝ կյանքի ու արարման գլխավոր խորհրդանիշը։
Օվերչուկն ընդգծել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի և Հարավային Կովկասի երկրների միջև տրանսպորտային կապը, բարելավում է ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների հասանելիությունը հայկական շուկա, ինչպես նաև ընդլայնում է հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները ԵԱՏՄ երկրներ։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։
Ալիևի այդ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել էր, հայտարարելով, որ Հայաստանը ևս վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները։






