Սամվել դպիր Գրիգորյանը, անդրադառնալով կարգալույծ քահանայի կոմղից Հովհաննավանքում մատուցած պատարագին, նշել է, որ աշխարհականի կողմից պատարագ մատուցելու փորձը ծանրագույն մեղք է:
Նա ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ով իրավունք ունի պատարագ մատուցելու։
«Ո՞վ կարող է մատուցել պատարագ․
- Պատարագ կարող է մատուցել միայն ձեռնադրված քահանան։
- Աշխարհականի կողմից նման գործողությունն ըստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ապօրինություն է և ընդունված կարգի անթույլատրելի խախտում։
- Կարգալույծ քահանան դասվում է աշխարհականների շարքին:
- Աշխարհականի կողմից պատարագ մատուցելու փորձը գայթակղություն է, քանի որ նա մոլորեցնում է հավատացյալներին՝ ստիպելով նրանց հավատալ, թե իրական խորհուրդ է կատարվում, մինչդեռ այն լիովին անվավեր է և իր մեջ որևէ աստվածային Խորհուրդ չունի։
- Գայթակղությունն ըստ Սուրբ Ավետարանի ծանրագույն մեղք է.
- Կարգալույծի (աշխարհականի) կողմից պատարագի իմիտացիան վնասում է Եկեղեցու Նվիրապետական Կարգը՝ կազմաքանդելով հավատացյալ հոտի վստահությունը եկեղեցական աստիճանակարգության և Առաքելական հաջորդականության նկատմամբ։
- Կարգալույծի (աշխարհականի) կողմից պատարագի իմիտացիան Եկեղեցու հանդեպ անհնազանդության և պառակտման ծանրագույն մեղք է: Այդ արարքը ուղղակիորեն խախտում է բոլոր Առաքելական և Տիեզերական Ժողովների կանոնները, որոնք հստակորեն սահմանում են, թե ով և ինչպես կարող է կատարել Խորհուրդները, այդ թվում մատուցել պատարագ:
- Առաքելական Կանոնները և «Կանոնագիրք Հայոցը» դատապարտում են նրանց, ովքեր ապօրինի կամ առանց եկեղեցական իշխանության լիազորության հավակնում են հոգևոր պաշտոնի կամ գործողությունների։
- «Կանոնագիրք Հայոցը» խստագույնս է անդրադառնում այն հոգևորականներին, ովքեր կարգալուծությունից հետո կհամարձակվեն մոտենալ երբեմն իրենց վստահված ծառայողական պաշտոնին: Մասնավորապես, կանոնը հրամայում է. եթե կարգալույծ արվելուց հետո քահանան համարձակվի շարունակել գործել որպես քահանա, ապա նա ամբողջվին թող արտաքսվի եկեղեցուց, իսկ նրանից մկրտվածներին ու պսակվածներին պարտադիր է նորից մկրտել և նորից պսակել:
- Անտիոքի ժողովի 5-րդ կանոնն ասում է. «Իսկ, եթե որևէ քահանա արհամարհեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց և հեռացրեց եկեղեցուց, և նա առանձին հավաքվեց ու սուրբ սեղան հաստատեց, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել և այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։ Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբոխ բերեն, այդպիսիներին իբրև խռովարարների պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշել»:
- Այդպիսի գործողությունը որակվում է որպես Եկեղեցու աստիճանակարգության, կարգապահության և միասնության դեմ ուղղված հարձակում, որը Ընդհանրական Եկեղեցու բոլոր սուրբ հայրերի կողմից համարվում է ծանրագույն մեղք։
- Այդպիսի գործողությունն իր մեջ պարունակում է հոգևոր մեծ վտանգ, քանի որ դա անխուսափելի հետևանքն է ծանրագույն մեղքի մեջ կամա թե ակամա մասնակիցը դառնալիս:
- Կարգալույծ քահանայի պնդումը, թե իր օծումը մնում է և հիմք է հետագա քահանայագործման, կեղծ և անհիմն է:
- Կարգալուծությունը լուծում է քահանայական շնորհի գործունեությունը և ուժը՝ կտրելով այն Եկեղեցու կենարար միասնությունից։ Քահանայական կարգը, շնորհը, օծումը, նշանը և ձևը փոխկապակցված են: Զրկվելով կարգից, քահանան զրկվում է և դրանցից: Նրա ձեռամբ ոչ մի «խորհուրդ» վավեր չէ թե՛ իրավական, և թե՛ հոգևոր տեսանկյունից:
- Օծումը քահանայի սեփականությունը չէ, որ իր կամքով պահի, այլ տվողն է վերցնում և դարձյալ վերադարձնում: Այսպիսով, «լուծարում» բառը նկարագրում է շնորհի գործադրման լիակատար դադարեցում, որը ոչ միայն կանոնական պատիժ է, այլև հոգևոր հետևանք»,–ասվում է պարզաբանման մեջ։Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին 2 անգամ մասնակցելուց հետո, հայտարարել է, որ նոյեմբերի 9–ին մասնակցելու է Թալինում Տեր Թադեի մատուցելիք պատարագին։






