AM
6 Նոյեմբեր 2025 - 08:25 AMT

«Արմավիր» ՔԿՀ չհայտարարված ստուգման արդյունքում արձանագրվել են համակարգային խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ) ներկայացուցիչները՝ Պաշտպանի հանձնարարությամբ, 2025 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերին իրականացրել են չհայտարարված երկօրյա մշտադիտարկում Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Այցի ընթացքում դիտարկման առարկա են դարձել ՔԿՀ-ում պահվող անձանց սննդակարգը, բժշկական սպասարկման և օգնության վիճակը, քրեակատարողական ծառայողների հաստիքային համալրվածության մակարդակն ու աշխատանքային պայմանները, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց կապը արտաքին աշխարհի հետ, հոգեբանական աջակցության և վերասոցիալականացման գործընթացները։

Պաշտպանը ողջունել է այն հանգամանքը, որ 2025 թվականին «Արմավիր» ՔԿՀ-ում իրականացված վերանորոգման արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվել են բժշկական մասնաշենքը և կարանտինային բաժանմունքի խցերը։

Միաժամանակ, արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնցից մի մասը դասակարգվել է որպես համակարգային։

Այսպես՝

  • ՔԿՀ մուտք գործելու պահին բոլոր ազատազրկված անձինք չեն ապահովվել անհրաժեշտ անկողնային պարագաներով, սպասքով և հիգիենիկ միջոցներով։
  • Մասնաշենքերում առկա տեսաձայնագրող համակարգերը չեն ընդգրկել ողջ տարածքը և հաճախ ունեցել են պատկերը վերարտադրելու տեխնիկական խափանումներ՝ խոչընդոտելով անվտանգության վերահսկման և խոշտանգումների կանխարգելման գործընթացը։
  • Պատժախցային մասնաշենքի, ներառյալ՝ խցերի, վիճակը պահանջում է անհետաձգելի վերանորոգում։
  • Ազատազրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների, լիցենզավորված ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունում կցագրման գործընթացում ի հայտ են եկել խնդիրներ։
  • Ազատազրկվածների, այդ թվում՝ օտարերկրացիների բժշկական հետազոտությունների ու նեղ մասնագիտական խորհրդատվությունների կազմակերպումը հաճախ չի իրականացվել ժամանակին՝ պայմանավորված նաև պահակախմբերի ու տրանսպորտային միջոցների սակավությամբ։
  • Որոշ անձինք պահվել են մեկուսացման պայմաններում՝ առանց համապատասխան որոշման կայացման, ինչը հակասում է օրենսդրությամբ սահմանված կարգին։
  • ՔԿՀ նոր ընդունված անձանց նախնական բժշկական զննության ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ. զննությունը կատարվել է ոչ պատշաճ՝ մասնավորապես՝ ոչ ամբողջական, իսկ իրականացման վայրը՝ զուգորդված խուզարկության ընթացքի հետ, չի համապատասխանել բժշկական միջամտության պահանջներին։
  • Նախնական բժշկական զննություն իրականացվել է միայն առաջին մուտք գործելու պահին, իսկ հետագա դեպքերում, երբ անձինք դատարան կամ այլ վարույթային գործընթացների մասնակցության համար կրկին մուտք են գործել ՔԿՀ, զննություն չի իրականացվել։
  • Հայտնաբերվել են ժամկետանց բժշկական պարագաներ, մասնավորապես՝ հեպատիտ Ց-ի հայտնաբերման ստրիպներ։
  • Խցերում և մասնաշենքերում արձանագրվել է միջատների ու կրծողների առկայություն։
  • Ստացվել են տվյալներ ազատազրկվածների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, ինչի առնչությամբ պահանջվում է համապատասխան քննություն։
  • Դատարան ուղարկվող անձանց սննդով ապահովման գործում արձանագրվել են խախտումներ։
  • Հոգեբանի հաստիքների պակասը շարունակել է մնալ խնդիր։
  • Կալանավորված օտարերկրացիները բավարար չափով չեն ապահովվել հագուստով։
  • Ազատազրկված օտարերկրացի անձանց կրոնական սննդակարգի ապահովման հարցում նույնպես արձանագրվել են դժվարություններ։
  • Նշվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմի և ՔԿՀ վարչակազմի միջև աշխատանքային համագործակցության բարելավման անհրաժեշտություն։

ՄԻՊ-ի ներկայացուցիչները վերը նշված բոլոր հարցերը քննարկել են ինչպես քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, այնպես էլ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ։

Հայտնաբերված խախտումներն ամփոփվելու են փաստաթղթում, որը՝ լուծման առաջարկների ուղեկցությամբ, ներկայացվելու է ոլորտի լիազոր մարմիններին։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև կարևորել է քրեակատարողական ծառայողների համար արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը՝ նշելով, որ այդ հարցերն առանձին կքննարկվեն իրավասու կառույցների հետ շփումների շրջանակում։

ՄԻՊ աշխատակազմն ամփոփելու է խնդիրներն արտացոլող փաստաթուղթը, որպեսզի դրանք ներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին: