AM
6 Նոյեմբեր 2025 - 09:08 AMT

Հարթագյուղում հողը ձևական աճուրդով օտարելու գործով նախաքննությունն ավարտվել է

Հարթագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է 10 միլիոն ՀՀ դրամ արժեքով հողատարածքը։ Գործով անցնում են Հարթագյուղի նախկին ղեկավարը և 6 այլ անձ։ Նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված ապացուցողական միջոցառումներն ու վարութային գործողությունները հանգեցրել են այն եզրակացության, որ 1996-ից մինչև 2021 թվականը Լոռու մարզի Հարթագյուղ համայնքը ղեկավարած անձը համայնքի տարածքում գտնվող, գյուղատնտեսական նշանակության 1.11035 հա մակերեսով հողամասը, որի շուկայական արժեքը կազմել է 10 միլիոն դրամ, ապօրինի կերպով օտարել է իր որդուն։

Նշված անձը՝ խախտելով հրապարակային սակարկությունների օրենսդրական պահանջները, որդու բացակայության պայմաններում 2019 թվականի մայիսի 6-ին ձևական աճուրդ է կազմակերպել՝ աճուրդային հանձնաժողովի 5 անդամների աջակցությամբ։ Այդ ձևական մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվել է հենց նրա որդին։ Վերջինս ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր ՀՀ կադաստրի կոմիտե, և հողատարածքը գրանցվել է որպես նրա սեփականություն։

Նախկին համայնքապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիքի համար։ Նրա որդին մեղադրվում է 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ փաստաթղթերի կեղծման և օգտագործման համար։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև աճուրդային հանձնաժողովի այն հինգ անդամներին, որոնք նպաստել են ապօրինությանը։

Ընդհանուր առմամբ, 7 անձի՝ ներառյալ նախկին համայնքապետի վերաբերյալ նախաքննությունը ավարտվել է։ Վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և այն դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։