Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում դժգոհություն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ նորակառույց, հիմնանորոգված դպրոցներին հատկացված նոր գույքերը չեն օգտագործվում։
«Բոլոր նորակառույց և հիմնանորոգված դպրոցներն ապահովվում են նոր գույքով: Ուզում եմ կենտրոնանալ մարզական գույքի, լաբորատոր գույքի վրա: Մտահոգություն ունեմ, թե ինչքանով է այդ գույքը որակով օգտագործվում, ինչքանով է նպաստում կրթական պրոցեսի զարգացմանը: Մտնում եմ նորակառույց դպրոց, որտեղ բոլոր հնարավոր գույքերը դրված են, մտնում եմ մարզական դահլիճ, տեսնում եմ՝ թենիսի սեղանը դրված է բասկետբոլի վահանակի տակ: Բասկետբոլ ինչպե՞ս են խաղալու»,-ասել է Փաշինյանը, գրում է Արմենպրեսը։
Վարչապետը նաև նշել է, որ քիմիայի լաբորատորիաներում հատկացված սպիտակ խալաթներն, ինչպես պարզվել է, չեն օգտագործվում։ Նա անհրաժեշտ է համարել վերահսկողության մեխանիզմների ներմուծումը։
«Այսօրվանից սկսած պատահականության սկզբունքով հատկապես նորակառույց դպրոցներում պետք է դասալսումներ անցկացնենք: Պետք է գնանք, օրինակ, քիմիայի դասին, տեսնենք՝ լաբորատոր գույքն օգտագործվո՞ւմ է, թե՞ ոչ»,-նշել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է նաև, որ ֆիզկուլտուրայի դասերի համար հատկացված ծանր մարզագույքը պետք է ամեն դասից առաջ հանվի պահեստից, իսկ հետո՝ վերադարձվի, որովհետև դա նույնպես կրթական պրոցեսի մաս է։
Նրա խոսքով՝ նորակառույց դպրոցներում տրամադրվում է նաև էլեկտրոնային դաշնամուր, որը պետք է ծառայի երեխաների ստեղծագործական զարգացմանը։
«Դա երեխաների համար է: Այդ դաշնամուրը դրված է նրա համար, որ երեխաները նվագեն: Մի պահեք պահեստում, դրեք բեմերի վրա»,-ասել է նա։
Դիմելով մարզպետներին և ոլորտի պատասխանատուներին՝ վարչապետը հստակ նշել է, որ դաշնամուրները պետք է տեղադրված լինեն բեմերի վրա, ցնցուղները՝ շահագործման մեջ, իսկ երեխաներն իրավունք ունեն դպրոցում ստեղծագործելու և երկար մնալու պայմաններ ունենալու։
Փաշինյանը կարևորել է խնդրի լուծման անհրաժեշտությունը։






