Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, ըստ որի՝ 20-րդ դարասկզբին ցարական Ռուսաստանում տպագրված քարտեզներում Հայաստանի տարածքի տեղանունները ադրբեջանական ծագում ունեն։
Նախ վարչապետը կարևորել է, որ լրատվամիջոցներն ուղղակիորեն և ճշգրիտ տեղեկություն հաղորդեն հանրությանը՝ նշելով, որ որոշ ԶԼՄ-ներ գրել էին, թե Ադրբեջանի նախագահն ասել է՝ չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ, բայց Ադրբեջանի նախագահն ասել էր, որ ցարական Ռուսաստանի հրատարակած քարտեզում չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ, հայտնում է Արմենպրեսը։
Նա հավելել է, որ այդ հղվող քարտեզում շատ պարզ գրված է Հայաստան՝ այսօրվա Հայաստանի տեղում, այսօրվա Ադրբեջանի տեղում Ադրբեջան գրված չէ:
Նա նկատել է, որ եթե լրագրողներն այդ քարտեզը հանեին, կտեսնեին, որ այդ քարտեզն ինչքան այդ տեսակետից կարող է աննպաստ լինել Հայաստանի համար, 2 այդքան կարող է աննպաստ լինել, ցանկության դեպքում, Ադրբեջանի համար:
«Օրինակ, կարող է պարզվել, որ այդ քարտեզի վրա Հայաստան կա, իսկ Ադրբեջան չկա: Եթե գնանք ցարական քարտեզներով, ինչու ոչ՝ նաև դրանից առաջ սուլթանական, դրանից առաջ՝ շահական, խանական, խալիֆայական քարտեզներում ոչ Հայաստանի Հանրապետություն կա, ոչ էլ Ադրբեջանի Հանրապետություն: Այդ հղվող քարտեզում շատ պարզ գրված է Հայաստան՝ այսօրվա Հայաստանի տեղում, այսօրվա Ադրբեջանի տեղում Ադրբեջան գրված չէ»,-ասել է Փաշինյանը:
Վարչապետը համարում է, որ դա անիմաստ թեմա ու քննարկում է՝ առավել ևս 2025թ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններից հետո:
«Որ այդ քարտեզի վրա Հայաստան գրված է, Ադրբեջան գրված չէ, ի՞նչ է դա նշանակում: Դա ի՞նչ քաղաքական հետևության է բերում: Ո՞ր Վանաձորի անունը եղել է Կիրովական, իսկ Գյանջայի անունը՝ Կիրովաբաթ, ի՞նչ է դա նշանակում: Դրանից հետևությունն ի՞նչ է»,-հարցրել է Փաշինյանը:
Նա հավելել է՝ իրեն այդ ամենն ընդհանրապես հետաքրքիր չէ, քանի որ կան 2025-ի օգոստոսի 8-ին ստորագրված և նախաստորագրված փաստաթղթերը, և կա 2024-ի սեպտեմբերի՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը:
Փաշինյանը նաև հարցրել է. «Ո՞վ է ասել, որ այդ անուններն ադրբեջանական են: Այդ անունները թուրքական են, պարսկական են, արաբական են, մոնղոլական են, տեղ-տեղ էլ կլինեն ռուսական»:
Ւնչ վերաբերում է Ալիևի՝ ավտոմեքենաներով ադրբեջանցիների Հայաստան գալու հայտարարությանը՝ վարչպետն ասել է, որ խաղաղությունը նրա մասին է, որ Հայաստանից մարդիկ կարող են ավտոմեքենայով գնալ Բաքու, Ադրբեջանից էլ ավտոմեքենայով կարող են գալ Երևան:
Նա նաև ասել է, որ երբ հարևան երկրում«օգտագործում են «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, օգտագործում են իրենց տարածքի մասին, որովհետև նրանք չեն կարղ օգտագործել մեր տարածքի մասին»։
Ըստ ՀՀ վարչապետի՝ պատմական բանավեճերի մեջ ընկնելու օրակարգը վտանգավոր է խաղաղության համար: Փաշինյանի առաջարկն է, նաև ստորագրված փաստաթղթերից հետևում է, որ պետք է դադարեցնել այդ մոտեցումը:






