Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտնել է, որ նոյեմբերի 5–ի ուշ երեկոյան Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե։
«ՀՀ իրավապահ համակարգի երևակայությության զինանոցը հայտարարում եմ սպառված…Երեկ ուշ երեկոյան «հանկարծ» առաջացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հակակոռուպցիոն կոմիտե հրավիրելու անհրաժեշտություն:
Ինչու «հանկարծ», քանի որ օրվա ընթացքում պարզվեց, որ դատարանները չհավատացին դատախազության բերած այն հերյուրանքին, որ նախագահը կարող է դիմել փախուստի:
Ինչ եղավ ժամեր անց… երբ ամբողջ իրավապահ համակարգով այլևս ասելիք չես ունենում, բայց ՀՀ երրորդ նախագահի ելքը ՀՀ-ից պետք է ամեն գնով սահմանափակել, օգնության բերվեցին 2019 թվականից դարակներում պահված, քսան-քսանհինգ տարի առաջվան վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքները, ցուցմունքներ, որոնցից անգամ ցուցմունք տվողն էր հրաժարվել դեռևս 2019 թվականին` կենդանության օրոք, պարզ բացատրելով, որ իր ցուցմունքի ապաշնորհ թարգմանություն է կատարվել:
Հարց եմ տալիս, բա 2019 թվականից հետո նո՞ր հիշեցիք։ Քանի՞ տարի է անցել, բա ինչի՞ էիք պահում էդ «հզոր» գործը… հաա, հասկացա, հիշեցիք, երբ դատարանները չարգելեցին Նախագահի ելքը… պարզ է, ամեն ինչ պարզ. կարճ ասած, դուք եք ընտրել ձեր ճանապարհը և քանի որ իրավաբան եմ, հրապարակային խոսքս ավարտեմ այսպես` կհանդիպենք դատարանում…»,- գրել է Ամրամ Մակինյանը։
Նոյեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը։
Սերժ Սարգսյանին վերաբերող քննչական գործընթացները ներկայում ընթանում են երկու առանձին վարույթով։ «Դիզելի գործը» միացվել է այն քրեական գործին, որտեղ շոշափվում են Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի և նախկին խոշոր գործարար Միխայիլ Բաղդասարովի անունները։ Մյուս վարույթում, որն առնչվում է գործարար Սիլվա Համբարձումյանից ենթադրյալ կաշառք ստանալուն և Իսակովի պողոտայի տարածքներում հողեր օտարելուն, միացված են մեկ գործի մեջ։






