Նոյեմբերի 6-ին ժամը 11:08-ին Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթիի» շենքում տեղակայված սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, հայտնում է Փրկարար ծառայությունը։
Ըստ նախնական տվյալների մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրդեհի ընթացքում երկու փրկարար ծխահարվել է։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել են հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից տարածքում գտնվող բենզալցակայան։
Հրդեհի սրընթաց տարածման պատճառով հայտարարվել էր «Թիվ 3 կանչ», ինչի արդյունքում դեպքի վայրում աշխատում էր 14 մարտական հաշվարկ։ Տեղում գործել է նաև գազածխապաշտպան ծառայության մեքենա։
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս փուլում հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ որևէ հստակ մեկնաբանություն անել չի կարող, քանի որ անհրաժեշտ է անցկացնել փորձաքննություն, հայտնում է Panorama.am-ը։
Նրա խոսքով՝ մի շարք վարկածներ առկա են, սակայն այս պահին դրանք հրապարակման ենթակա չեն։
«Այս պահին կարող եմ ասել, որ հրդեհը մեկուսացված է, կանխվել է հրդեհի տարածումը, իրականացվում են հետհրդեհաշիջման աշխատանքներ։ Այս պահին բաց կրակ չկա»,-ասել է Ցուցուլյանը։
Նա նշել է, որ հրդեհի էպիկենտրոնը KFC սննդի կետն էր։
«Դերժավա» ընկերությունների խմբի ղեկավար Արկադի Համբարձումյանն ասել է, որ KFC սննդի կետի խոհանոցային հատվածը վնասված չէ։
«Նայում ենք, ոնց որ մեջից կրակ չի եղել, ոնց որ դրսից է կրակը, բայց փորձաքննությունը կտա պատասխանը»,-ասել է գործարարը։
Հրդեհաշիջման աշխատանքներում օժանդակել են ՆԳՆ Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և ոստիկանության Գվարդիայի աշխատակիցները։






